Մատչելի հղումներ

Համաշխարհային բանկը շարունակելու է օգնություն տրամադրել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին


Համաշխարհային բանկը շարունակելու է օգնություն տրամադրել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին
Համաշխարհային բանկը շարունակելու է օգնություն տրամադրել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին

Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 2011 ֆինանսական տարվա ընթացքում բանկի կողմից տրամադրված օգնության ընդհանուր ծավալը կազմել է 9,3 միլիարդ դոլար։

Բանկի կողմից հուլիսի 18-ին տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, այս ցուցանիշը երկու անգամ գերազանցում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում գրանցված ցուցանիշը, սակայն, ծրագրվածի համաձայն, պակաս է ճգնաժամի պիկային ծավալներից։

Հաղորդագրության համաձայն, Համաշխարհային բանկն այս ֆինանսական տարվա ընթացքում շարունակելու է զգալի ծավալների օժանդակություն տրամադրել տարածաշրջանի պետություններին՝ տարածաշրջանում փխրուն վերականգնումը պահպանելու և տնտեսապես ամենախոցելի պետությունների նկատմամբ ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

«Տարածաշրջանի պետությունները, փորձելով վերականգնվել ճգնաժամից, շարունակելու են գործել դժվարին միջավայրում։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետություններում 2010 թվականի ընթացքում գրանցված աճը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում կտրուկ անկում գրանցելուց հետո, կազմել է 4,5 տոկոս։ 2011-ից 2013 թվականների համար կանխատեսումների համաձայն, աճի տեմպերը մի փոքր կավելանան, սակայն ավելի ցածր կլինեն, քան այլ տարածաշրջաններում», - նշել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Պարոն Ֆիլիպ լե Ուերունը։

Նրա համաձայն, զուտ ներմուծող պետություների համար սննդամթերքի և էներգակիրների գների աճը աղքատության տարածման վտանգ են ներկայացնում, մասնավորապես Հայաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի համար, իսկ Արևմտյան Եվրոպայի ֆինանսական ոլորտում շարունակվող անկայուն իրավիճակը նպաստում է անվստահության ձևավորման։

«Համաշխարհային բանկը շարունակելու է իրականացնել տարածաշրջանի պետություններին ճգնաժամից վերականգնվելու համար օգնության տրամադրման և այդ պետությունների քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները», - շեշտել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Պարոն Ֆիլիպ լե Ուերունը։

XS
SM
MD
LG