ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը գովասանքի խոսքեր է ուղղել Բիրմայի նորընտիր օրենսդիր՝ երկրում ժողովրդավարության ջատագով Օնգ Սան Սու Չիին՝ խորհրդարանի բոյկոտը դադարեցնելու համար:
Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ Նոբելյան մրցանակակիր Օնգ Սան Սու Չիի հետ Ռանգուն քաղաքում գտնվող վերջինիս տանն անցկացված հանդիպման ընթացքում:
«Գիտեմ, որ նման որոշումն ընդունելն ըստ էության հեշտ չէր: Քաղաքական գործիչները երբեմն շարունակում են որոշ հարցերի շուրջ պահպանել տարաձայնությունները: Իրական առաջնորդները սակայն դրսևորում են ճկունություն՝ երկրի բնակիչների հոգսերը թեթևացնելու նպատակով: Սա հենց այն քայլն է, որին դիմել է Օնգ Սան Սու Չին», - շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ Բիրմայի ընդդիմության առաջնորդ Օնգ Սան Սու Չին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ինքն ու ընդդիմության այլ օրենսդիրներ դադարեցրել են երկրի խորհրդարանի բոյկոտը և ստանձնելու են «սահմանադրությունը պաշտպանելու» պարտավորությունը՝ ընդունելով բանավեճի պատճառը դարձած ձևավորումը:
Օնգ Սան Սու Չին և «Ժողովրդավարության համար ազգային լիգա» կազմակերպության այլ անդամներ չորեքշաբթի օրն առաջին անգամ կայցելեն Բիրմայի խորհրդարան: Նախկինում նրանք դեմ էին հանդես գալիս երդմնակալության «պաշտպանել սահմանադրությունը» բառերին՝ պնդելով, որ փոխարենը պետք է օգտագործվեն «հարգել սահմանադրությունը» բառերը:
Սակայն, ըստ Նոբելյան մրցանակակիր Օնգ Սան Սու Չիի, «Ժողովրդավարության համար ազգային լիգա»-ի անդամներն ականջ են դրել խորհրդարան իրենց ընտրած մարդկանց ցանկության, որոնք հիասթափություն են հայտնել օրենսդրական մարմնում ընտրված օրենսդիրների կողմից իրենց տեղերը չզբաղեցնելու հանգամանքով:
Օնգ Սան Սու Չիի այս որոշման պատճառոքվ ինքը ներկա չի եղել երկրի մայրաքաղաք Նեյպիդոյում՝ խորհրդարանում երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի պատմական ելույթին: