Մատչելի հղումներ

Բիրմա ժամանեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ժամանել է Բիրմա, որտեղ բանակցություններ է անցկացնում սկսված ժողովրդավարական բարեփոխությունների ընթացքը շարունակելու կարեւորության շուրջ։

Երկրի գլխավոր քաղաք՝ Ռանգուն ժամանելուց հետո, Բան Կի-մունը մեկնել է վարչական մայրաքաղաք՝ Նայպյիդո, որտեղ երկուշաբթի օրը հանդիպումներ է անցկացնելու նախագահ Թեին Սեինի հետ, ինչպես նաեւ դիմելու է երկրի խորհրդարանին։ Նրա ելույթն այստեղ կլինի արտասահմանցի նման պաշտոնյայի առաջին ուղերձը։

Այս օրերին Բիրմայում է գտնվում նաեւ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընը, որն այստեղ է ժամանել Բիրմայի նկատմամբ Միության պատժամիջոցների մեծ մասի դադարեցումից հետո։

Նախագահի հետ հանդիպման ժամանակ երկուշաբթի օրը մասնակցելու է նաեւ Էշթընը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաջորդ օրը հանդիպելու է նաեւ Բիրմայի ընդդիմության ղեկավար Օնգ Սեն Սու Չիին, որը վերջերս ընտրվեց խորհրդարանի պատգամավոր։

Էշթընը, որն արդեն իսկ հանդիպում է ունեցել ընդդիմության ղեկավարի հետ, Ռանգունում շաբաթ օրը բացել է Եվրոպական Միության նոր գրասենյակ, որի նպատակն այստեղ քաղաքական գործընթացներին եւ օգնության բաշխման ընթացքին հետեւելն է։

XS
SM
MD
LG