Մատչելի հղումներ

Քլինթընը հայտնել է Բիրմայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման ծրագրերի մասին


ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են Բիրմայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրերի մասին՝ այդ երկրի կողմից ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց հետո:

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն է, որ Վաշինգտոնը քայլեր կձեռնարկի Բիրմայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ Ռանգունում դեսպանություն բացելու միջոցով: Բացի այդ, Բիրմայում հիմնադրվելու է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության գրասենյակ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Քլինթընը նշել է, որ Միացյալ Նահանգները Բիրմայի զարգացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու հնարավորություն կընձեռի շահույթ չհետապնդող մասնավոր կազմակերպություններին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը հայտնել է նաև, որ Բիրմայի կառավարության որոշ պաշտոնյաների և խորհրդականների համար Վաշինգտոնը հեշտացնելու է Միացյալ Նահանգներ այցելելու գործընթացը՝ հավելելով սակայն, որ «երկրում բարեփոխումների իրականացման պատմական ջանքերի շուրջ սխալ կողմն ընդունած» որոշ անձանց և կազմակերպությունների նկատմամբ շարունակվելու է նախկինում սահմանված պատժամիջոցների ու արգելքների կիրառումը:

Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է հորդորել երկրում առաջընթացի շարունակությունն ու ներքին հարաբերությունների կարգավորման իրականացումը, մասնավորապես Բիրմայում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ ուենցած ռազմական հարաբերությունների դադարեցումը:

ԱՄՆ-ի արտգործնախարարի կողմից արված այս հայտարարությունից մի քանի օր առաջ Բիրմայում ժողովրդավարության ջատագով Օնգ Սան Սու Չին երկրի համար «նոր դարաշրջան» է հռչակել այն բանից հետո, երբ իր կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում:

Ելույթ ունենալով Ռանգուն քաղաքում «Ժողովրդավարության համար ազգային լիգա» կազմակերպության կենտրոնական գրասենյակի մոտակայքում հավաքված բազմաթիվ աջակիցների առջև՝ Օնգ Սան Սու Չին հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները կստիպեն կառավարությանը տեղի տալ հասարակ մարդկանց կամքին:

«Հուսով ենք, որ սա նոր դարաշրջանի սկիզբ է, երբ երկրի առօրյա քաղաքականության մեջ ժողովուրդն առավել մեծ դեր կունենա: Հույս ենք հայտնում նաև, որ կկարողանանք շարունակել դեպի ազգային հաշտեցումը տանող ճանապարհը», - ասել է Օնգ Սան Սու Չին:

XS
SM
MD
LG