Բիրմայի քաղաքացիներն այսօր մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, ինչը պետք է դառնա ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կարեւոր մի քննություն։
Թեկնածուները պայքարում են 664 տեղանոց խորհրդարանի 45 աթոռների համար։ Սա այս երկրում անցկացվող առաջին ընտրություններն են անցյալ տարվա մարտ ամսին այստեղ քաղաքացիական կառավարության հաստատումից հետո։
Ընդդիմության գլխավոր առաջնորդ Օնգ Սան Սու Չին, որը ղեկավարում է Ժողովրդավարության համար ազգային լիգա կազմակերպությունը, ջերմ ընդունելության արժանացավ ընտրական տեղամաս այցելելիս։ Նա առաջին անգամ է մասնակցում ընտրություններին 199Օ թվականից ի վեր։ Այդ տարի նրա կուսակցությունը տարավ ջախջախիչ հաղթանակ, սակայն երկրի զինված ուժերը հրաժարվեցին հանձնել իշխանությունը ու նրան տնային կալանքի տակ պահեցին մոտ 2Օ տարի։
Սպասվում է, որ այս ընտրություններում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օնգ Սան Սու Չին նորից կտանի հաղթանակ։
Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթից։