Մատչելի հղումներ

Ուկրաինայի դատարանը մերժել է Տիմոշենկոյի միջնորդությունը


Ուկրաինայի դատարանը մերժել է Տիմոշենկոյի միջնորդությունը

Ուկրաինայի դատարանը մերժել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու միջնորդությունը, որն անցյալ շաբաթ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դատավարության ընթացքում ձերբակալվել է` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Դատարանի կողմից Ուկրաինայի նախկին վարչապետի միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացվել է ուրբաթ օրը: Դատավորի որոշման վրա ազդեցություն չեն ունեցել Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության և Ռուսաստանի կողմից Տիմոշենկոյին դատավարության ընթացքում կալանքի տակ պահելու մասին որոշման վերաբերյալ արտահայտված քննադատությունը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկավիչը հրաժարվել է քաղաքական իր հակառակորդի դատավարությանը միջամտելուց:

Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականին Ռուսաստանի հետ բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Մեղադրող կողմից համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:

Ուկրաինայի նախկին վարչապետը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա համաձայն, դատական գործընթացը քաղաքական վրեժխնդրություն է ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտնել է, որ 2009 թվականին երկու պետությունների միջև ստորագրված գործարքը համապատասխանում է երկու պետությունների օրենսդրությանը և իրականացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հրամանագրերի համաձայն:

Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ է արել երկրի իշխանություններին ազատ արձակել նախկին վարչապետին: Դեսպանության կողմից կիրակի օրը հրապարակված հայտարարությունում մտահոգություն է արտահայտվել Ուկրաինայում օրենքի գերակայության սկզբունքի պատշաճ կիրառման շուրջ:

Եվրոպական Միության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը և Ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ուրբաթ օրը Ուկրաինայի իշխանություններին դիմել են անկախ և թափանցիկ դատավարություն անցկացնելու կոչով:

XS
SM
MD
LG