Մատչելի հղումներ

ԵՄ-ը հետաձգել է հանդիպումն Ուկրաինայի նախագահի հետ


ԵՄ-ը հետաձգել է հանդիպումն Ուկրաինայի նախագահի հետ
ԵՄ-ը հետաձգել է հանդիպումն Ուկրաինայի նախագահի հետ

Եվրոպական Միությունը հետաձգել է այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ նախատեսված հանդիպումը՝ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատազրկման մասին դատավճիռ ընդունելուց հետո երկրի դատական համակարգի ստանդարտների շուրջ մտահոգություններ ունենալու պատճառով:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակը երեքշաբթի օրը հայտնել է, որ հանդիպումը «հետաձգվել է՝ մինչև երկկողմանի հարաբերություններում չստեղծվեն առաջընթացի գրանցմանը նպաստող առավել բարենպաստ պայմաններ»:

Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը երեքշաբթի օրը պետք է ժամաներ Բրյուսել՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույի հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:

Հանձնակատար Էշթոնի խոսնակի համաձայն, «ԵՄ-ը ցանկանում է, որպեսզի Ուկրաինան առաջընթաց գրանցի կարևոր հարցերի շուրջ՝ ներառյալ օրենքի գերակայության և դատական իշխանության անկախության հարցերում»:

ԵՄ-ի կողմից ընդունված այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ուկրանիայի նախագահ Յանուկովիչն իր ելույթներով հասկացրել է, որ Յուլիա Տիմոշենկոն զգալի ժամանակ կանցկացնի անազատության մեջ նույնիսկ այն դեպքում, եթե փոփոխություններ ընդունվեն իր կողմից կատարված հանցագործությունը մեղմացնելու մասին օրենքում:

Տիմոշենկոն ազատազրկման է դատապարտվել 2009 թվականին Ռուսաստանի հետ բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մասին իրեն ներկայացված մեղադրանքներով: Մեղադրող կողմից համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:

Յուլիա Տիմոշենկոն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա համաձայն, իր դեմ դատական գործընթացը քաղաքական վրեժխնդրություն է ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը նախկինում կոչ էր արել երկրի իշխանություններին ազատ արձակել նախկին վարչապետին: Դեսպանության կողմից հրապարակված հայտարարությունում մտահոգություն էր արտահայտվել Ուկրաինայում օրենքի գերակայության սկզբունքի պատշաճ կիրառման շուրջ:

XS
SM
MD
LG