Մատչելի հղումներ

Մոսկվան «հակառուսական» է որակել Տիմոշենկոյի դատավճիռը


Մոսկվան «հակառուսական» է որակել Տիմոշենկոյի դատավճիռը

Ռուսաստանը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի իշխանություններին նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին երկու պետությունների միջև 2009 թվականին կնքված պայմանագրի հետ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու համար յոթ տարվա ազատազրկման դատապարտելու կապակցությամբ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Կիևի դատարանում Տիմոշենկոյին դատապարտելու մեջ նկատվում է «հակառուսական պարզ ենթատեքստ»: Արտգործնախարարությունը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը 2009 թվականին Տիմոշենկոյի կողմից ստորագրված բնական գազի գործարքի վերաբերյալ, որը, ըստ արտգործնախարարության, «ստորագրվել է` խստորեն հետևելով և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի օրենքներին»:

Տիմոշենկոյի փաստաբանների համաձայն, դատավճիռը բողոքարկվելու է:

Ուկրաինայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն նախկինում բազմիցս հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները: Նրա համաձայն, դատական գործընթացը քաղաքական վրեժխնդրություն է ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից, ով ցանկանում է ազատվել քաղաքական մրցակցությունից:

Եվրոպական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն «խիստ հիասթափված է» նման դատավճիռ կայացնելու փաստով: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի համաձայն, Տիմոշենկոյի դատավարության ընթացքում հաշվի չեն առնվել միջազգային չափանիշները, ինչը կարող է խորը հետևանքներ թողնել Ուկրաինայի և 27 անդամ պետություն ունեցող դաշինքի միջև հարաբերություններում:

Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը երեքշաբթի օրն հայտնել է, թե Տիմոշենկոյի գործը փոխանցվելու է վերաքննիչ դատարան, որտեղ, իր համաձայն, այն կարող է քննվել` կիրառելով այլ օրենքներ:

Այս դատավարության քննադատները հորդորել են Ուկրաինայի կառավարությանը ապաքրեականացնել պաշտոնավարման ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահումը, որի համաձայն և կայացվել է նախկին վարչապետ Տիմոշենկոյի դատավճիռը:

Տիմոշենկոյի «Հայրենիք» կուսակցության հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույց են անցկացրել Կիևի դատարանի առջև: Ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներից մի քանիսին` ճանապարհն արգելափակելու փորձ կատարելու համար:

Սպասվում էր, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին Տիմոշենկոն կլիներ ընդդիմության հիմնական թեկնածուն, սակայն դատավճռի հաստատման դեպքում նա կարող է չունենալ ընտրություններին մասնակցելու իրավունք:

XS
SM
MD
LG