Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը «Արաբական գարնան» շրջագայության ընթացքում կարող է այցելել Գազայի գոտի


Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գազայի գոտու շրջափակման փորձ կատարելու ժամանակ զոհված ակտիվիստների հիշատակին նվիրված բողոքի ցույց, 30 մայիսի 2011թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է այցելել Մերձավոր Արևելյան այն պետությունները, որտեղ այս տարվա սկզբին տեղի են ունեցել երկար տարիներ պաշտոնավարած առաջնորդներին իշխանության ղեկից հեռացրած ապստամբություններ:

Թուրքիայի պաշտոնատար անձանց համաձայն, Էրդողանի «Արաբական գարնան» շրջագայությունը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին, որի ընթացքում նա այցելելու է Եգիպտոս, Լիբիա և Թունիս:

Էրդողանի համաձայն, հնարավոր է, որ ինքը կայցելի նաև Գազայի գոտի` հատելով Եգիպտոսի հետ ընդհանուր սահմանը:

Թուրքիայի վարչապետի այս շրջագայության մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ իր երկրի և Իսրայելի միջև հարաբերությունները կրկին լարվել են:

Էրդողանը չորեքշաբթի օրը մեղադրել է Իսրայելին երկկողմանի պաշտպանական գործարքով պարտականությունները չկատարելու մեջ` նկատի ունենալով Թուրքիայի և Իսրայելի կողմից կնքված Իսրայելում արտադրված առանց օդաչուի կառավարման ինքնաթիռների գնման պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Էրդողանը երեքշաբթի օրը հադես է եկել Իսրայելի հետ «բոլոր առևտրային և ռազմական կապերը» դադարեցնելու մասին հայտարարությամբ: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունից մեկ օր առաջ այս երկրի իշխանությունները կարգադրել են Իսրայելի բարձրաստիճան բոլոր դիվանագետներին մինչև չորեքշաբթի օրը լքել Թուրքիան:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անցյալ ուրբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի իր կառավարությունը կրճատում է Իսրայելում իր ներկայությունը` հասցնելով այն մինչև դեսպանի երկրորդ քարտուղարի մակարդակի:

Այս որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից կայացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կողմից 2010 հրապարակված զեկույցից հետո, որտեղ ՄԱԿ-ի փորձագետների մի խումբ եկել է եզրակացության, որի համաձայն Իսրայելի կողմից Գազայի գոտու ծովային շրջափակումը օրինական է, սակայն թուրքական «Մավի Մարմարա» նավի կողմից շրջափակումը ճեղքելու փորձի կանխման ընթացքում Իսրայելի կառավարությունը «անհամաչափ և անհիմն» ուժ է գործադրել:

XS
SM
MD
LG