Մատչելի հղումներ

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են ՄԱԿ-ի զեկույցից հետո


Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են ՄԱԿ-ի զեկույցից հետո

Թուրքիայի կառավարությունն այս շաբաթ նախատեսում է դիմել Արդարադարտության միջազգային դատարան՝ Իսրայելի կողմից Գազայի գոտու ծովային շրջափակման վերաբերյալ հետաքննություն իրականացնելու նպատակով:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն՝ Իսրայելի հետ ուրբաթ օրը ռազմական պայմանագրերը դադարեցնելուց և դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելուց հետո:

Այս քայլը Թուրքիան կատարել է անցյալ տարի Գազայի գոտու շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավատորմի դեմ Իսրայելի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը հրապարակելուց հետո: ՄԱԿ-ի զեկույցը եզրակացրել է, որ նավատորմի դեմ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառել, սակայն Գազայի նկատմամբ իրականացվող շրջափակումն օրինական է:

Սպասվում է, որ Թուրքիայի այլ քայլը պատճառ կդառնա երկու պետությունների միջև դիվանագիտական ճգնաժամի խորացման:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հանդես գալով նախարարների խորհրդի առջև, ասել է, որ թեև իր կառավարությունը զղջում է նավատորմի ուղղությամբ կատարված գրոհի պատճառով զոհերի համար, սակայն երկրի նավատորմի հատուկ ուժերի ծառայողներն իրենց կյանքն են պաշտպանել ակտիվիստների բռնի գործողություններից: Նեթանյահուն սակայն հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել:

Թուրքիայի քաղաքական մեկնաբան Աշլի Այդինթաշբաթի համաձայն, դա հավանական չէ, քանի դեռ Երուսաղեմը չի համաձայնել Անկարայի պահանջներին:

Այդինթաշբաթի համաձայն, «իմանալով Թուրքիայի վարչապետի անձնավորությունը և հասկանալով Թուրքիայի համար այս հարցի կարևորությունը, ես չեմ պատկերացնում, որ, բացի Իսրայելի ներողությունից, Թուրքիայի համար ընդունելի չի լինի որևէ այլ տարբերակ»:

Դիվանագիտական խորացող ճգնաժամին հետևել է զսպվածություն ցուցաբերելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կոչը:

«Երկու պետությունն էլ տարածաշրջանում կարևոր դեր են խաղում: Նրանց միջև հարաբերությունների բարելավումը չափազանց կարևոր է՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կողմից ներկայացվող մարտահրավերները կարգավորելու գործում», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Քաղաքագետ Սոլի Օզելի համաձայն, «Թուրքիայի և Իսրայելի միջև ուժեղ մրցակցություն է ընթանում այն առումով, թե ով է առաջնորդ դառնալու Միջերկրական ծովի արևելյան մասում»:

Երկու պետությունների միջև հարաբերությունները կարող են է՛լ ավելի լարվել, եթե սեպտեմբերին կայանա Էրդողանի այցը Գազայի գոգի, որտեղ իշխող «Համաս» խմբավորման առաջնորդները սերտ կապեր են պահպանում Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած իսլամիստական «Արդարադատություն և զարգացում» կուսակցության հետ:

XS
SM
MD
LG