Մատչելի հղումներ

Էրդողան. «Թուրքիայի ռազմանավերը կուղեկցեն Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխող նավերը»


Թուրքիայի ազգային անվտանգության խորհդի հանդիպումը (արխիվային լուսանկար)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ այս երկրի ռազմանավերը կուղեկցեն Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխող ցանկացած նավ՝ դրանք Իսրայելի միջամտությունից պաշտպանելու նպատակով:

Այս հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ Թուրքիան շարունակելու է Գազայի գոտի մարդասիրական օգնություն առաքելու փորձերը, սակայն թույլ չի տա անցյալ տարի դեպի Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի կողմից կատարված հարձակման նման հարձակումների կրկնությունը:

Էրդողանն ասել է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել Միջերկրական ծովի արևելյան մասը վերահսկելու ուղղությամբ՝ խոստանալով դադարեցնել Իսրայելի կողմից այս շրջանի բնական պաշարների «միակողմանի օգտագործումը»:

Իսրայելի ռազմական ռադիոկայանին տված հարցազրույցում երկրի հետախուզության նախարար Դան Մերիդորը որպես երկու պետությունների միջև հարաբերությունների համար «ծանր և լուրջ» հետևանքներ ունեցող է անվանել Էրդողանի մեկնաբանությունները, սակայն հրաժարվել է ավելի մանրամասն մեկնաբանություններ ներկայացնելուց՝ ասելով, թե հուսով է, որ այս իրավիճակը «կհարթվի»:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հինգշաբթի օրն ասել է, որ Թուրքիան և Իսրայելը թշնամի չեն դառնալու, և անցյալ տարի Իսրայելի կողմից Գազայի գոտի ուղևորվող թուրքական նավերի վրա իրականացված հարձակման շուրջ երկու պետությունների միջև տարաձայնությունները «կանցնեն»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը մեղադրել է Իսրայելին երկկողմանի պաշտպանական գործարքով պարտականությունները չկատարելու մեջ` նկատի ունենալով Թուրքիայի և Իսրայելի կողմից կնքված Իսրայելում արտադրված առանց օդաչուի կառավարման ինքնաթիռների գնման պայմանագիրը, ինչից մեկ օր առաջ ինքը հադես է եկել Իսրայելի հետ «բոլոր առևտրային և ռազմական կապերը» դադարեցնելու մասին հայտարարությամբ:

XS
SM
MD
LG