Մատչելի հղումներ

«Վաշինգտոն փոստ». «Թուրքիայի ամբողջատիրական համակարգը`ժողովրդավարության վատ օրինակ»


«Վաշինգտոն փոստ». «Թուրքիայի ամբողջատիրական համակարգը`ժողովրդավարության վատ օրինակ»

ԱՄՆ-ի «Վաշինգտոն փոստ» օրաթերթը, «Թուրքիայի ամբողջատիրական համակարգը` ժողովրդավարության վատ օրինակ» վերնագրով խմբագրականում նշել է, որ «Մահմեդական աշխարհի առաջատար ժողովրդավարություն լինելու մասին Թուրքիայի հավակնությունը վտանգված է»:

Խմբագրականում մեջբերվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքն այն մասին, որ «հասարակական խիղճը չի կարող ընդունել երկրում տեղի ունեցող որոշ իրադարձություններ, որոնք ստվեր են նետել Թուրքիայի կողմից գրավված դիրքի և վարկի վրա»:

«Թուրքիայի նախագահը», - նշվում է օրաթերթի խմբագրականում, - «նկատի ունի անցյալ շաբաթ ինը լրագրողների և գրողների ձերբակալությունները, որոնք դատապարտվել են բանտարկության` Գյուլի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից գլխավորվող կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով»:

«Գյուլի կողմից հնչեցրած մտահոգությունը վկայում է, որ Թուրքիան դեռևս հեռու է բռնապետություն դառնալուց, սակայն այն սխալ ուղու վրա է», - գրում է «Վաշինգտոն փոստ»-ը:

«Վերջին ժամանակներին իրականացված ձերբակալությունները կարծես ժողովրդավարության դեմ ուղղված հարձակում լինեն: Թուրքիայի լրագրողների միության տվյալներով, 58 լրագրող արդեն գտնվում են բանտարկության մեջ, և դեռևս հազարավոր լրագրողների սպառնում է մեղադրանքներ ներկայացվելու վտանգ»:

«Գովելի է» - գրում է թերթը, - «որ Գյուլը բարձրաձայն արտահայտել է իր մտքերը: Իրական իշխանությունը սակայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում է, որը, կարծես, անհանգստացած չէ լրատվամիջոցների դեմ իրականացվող բռնություններով»: Ըստ թերթի, Էրդողանը, հանդես գալով հայտարարությամբ, ըստ որի իր կառավարությունը որևէ կապ չունի տեղի ունեցած բռնությունների հետ, նաև խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեին` լրագրողների վիճահարույց ձերբակալությունների վերաբերյալ վերջինիս կողմից արված արտահայտությունների համար` նրան սխալմամբ անվանելով «Թուրքիայի մասին անտեղյակ, «սկսնակ» դիվանագետ»»:

Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը սատարել է Ռիչարդոնեին` անցյալ շաբաթ նշելով, որ Օբամայի վարչակազմը մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով:

«Այս միտումներն, այնուամենայնիվ, պետք է անհանգստացնեն նաև Էրդողանին, որը չի թաքցնում տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ առաջնորդության իր հավակնությունները: Սակայն եթե Թուրքիան դադարի անվիճելիորեն ազատ լրատվամիջոցներ ունեցող գործուն ժողովրդավարություն լինելուց, ապա ո՛չ արաբական պետությունները, ո՛չ էլ որևիցե մեկն այս պետությանը որպես օրինակ չի դիտելու», - եզրափակում է «Վաշինգտոն փոստ» օրաթերթում հրապարակված խմբագրականը:

XS
SM
MD
LG