Մատչելի հղումներ

Արտաքսման մեջ գտնվող տիբեթցիներն ընտրել են Դալայ Լամայի քաղաքական իրավահաջորդին


Դալայ Լամա

Հարվարդի համալսարանի իրավագիտության հեղինակավոր ամբիոնի գիտնականներից մեկը Տիբեթի վտարանդի կառավարության վարչապետ է ընտրվել։

Տիբեթի վտարանդի կառավարությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լոբսանգ Սանգայը հավաքել է ամբողջ աշխարհով սփռված տիբեթցիների ձայների 55 տոկոսը։ Այս ընտրություններին մասնակցել է ևս երկու թեկնածու։

42-ամյա Սանգայը, որը ծնվել է տիբեթցի փախստականների բնակավայրում, եղել է Չինաստանից Տիբեթի լիարժեք անկախություն պահանջող Տիբեթյան երիտասարդության կոնգրեսի առաջնորդը։ Նա արժանացել է Հարվարդում ուսանելու կրթաթոշակի, որտեղ ստացել է իրավագիտության աստիճան և այժմ աշխատում է որպես գիտաշխատող։

Տիբեթի քաղաքական առաջնորդի դերը Սանգային փոխանցելու է 75-ամյա Դալայ Լաման։ Վերջինս մարտ ամսին հայտարարել էր, որ ցանկանում է փոխանցել իր իշխանությունն այն անձին, ում կընտրի Տիբեթի ժողովուրդը։ Նոբելյան մրցանակակիրը կպահպանի հոգևոր առաջնորդի իր դերը։

Դալայ Լաման վտարման մեջ է գտնվում 1959 թվականից՝ Չինաստանի իշխանությունների դեմ ապստամբություն կազմակերպելուց հետո։

XS
SM
MD
LG