Մատչելի հղումներ

Դալայ լաման մեղադրել է Չինաստանին «մշակութային ցեղասպանություն» իրականացնելու մեջ


Դալայ լաման մեղադրել է Չինաստանին «մշակութային ցեղասպանություն» իրականացնելու մեջ

Դալայ լաման Չինաստանի կողմից իրականացվող անզիջում քաղաքականությունը «մշակութային ցեղասպանություն» է անվանել՝ ասելով, որ այն ստիպում է Տիբեթի կուսակրոն հոգևորականներին և միանձնուհիներին դիմել ինքնահրկիզման:

Չինաստանի հարավ-արևելյան Սիչուան նահանգում անցյալ շաբաթ 35 տարեկան միանձնուհիներից մեկը դիմել է ինքնահրկիզման՝ Չինաստանի կողմից իրականացվող քաղաքականության պատճառով ինքնահրկիզման դիմած կուսակրոն հոգևորականների և միանձնուհիների ընդհանուր թիվը հասցնելով 11-ի:

Ելույթ ունենալով Ճապոնիայում երկուշաբթի օրը՝ Դալայ լաման ասել է, թե նույնիսկ Չինաստանից Տիբեթ այցելող մարդիկ խոստովանել են, որ այնտեղ զարհուրելի իրավիճակ է ստեղծվել:

Վտարման մեջ գտնվող Տիբեթի հոգևոր առաջնորդն ասել է նաև, որ անցյալ 10-ից 15 տարիների ընթացքում այս տարածքը վերահսկելու նպատակով այնտեղ գործուղվել են Չինաստանի ամենածայրահեղ քաղաքականության կողմնակից պաշտոնատար անձինք, ինչը նույնպես նպաստել է կուսակրոն հոգևորականների և միանձնուհիների կողմից ծայրահեղ միջոցների դիմելու հանգամանքին:

Ինքնահրկիզումների դեպքերը հիմնականում տեղի են ունեցել Սիչուան նահանգում գտնվող Քիրթի վանքում և դրա շրջակայքում, որտեղ նման դեպքերն առաջին անգամ գրանցվել են այս տարվա մարտ ամսին:

Չինաստանի իշխանությունները մեղադրել են Դալայ լամային ինքնահրկիզումները քաջալերելու մեջ՝ նշելով, որ, ի տարբերություն անցյալում տեղի ունեցած նման դեպքերի, այս անգամ Դալայ լաման չի դատապարտել ծայրահեղ այս քայլերը:

Սիչուան նահանգում տեղ գտած ինքնահրկիզման դեպքերին ի պատասխան Չինաստանի իշխանությունները դիմել են բռնի գործողությունների՝ փողոցներ դուրս բերելով անվտանգության ուժերի զինված ծառայողներ և ստիպելով կուսակրոն հոգևորականներին և միանձնուհիներին անցնելու վերապատրաստման ծրագրեր:

Միացյալ Նահանգների իշխանություններն անցյալ շաբաթ հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Չինաստանի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում ստեղծվել է լարված իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում Տիբեթի ժողովրդի կրոնական, մշակութային և լեզվական ուրույն պատկանելիության համար:

XS
SM
MD
LG