Մատչելի հղումներ

Սիրիայի ակտիվիստները հայտնել են բազմաթիվ զինծառայողներ ոչնչացնելու մասին


Սիրիայի ակտիվիստները հայտնել են Հոմս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած մարտերի արդյունքում կառավարական ուժերի 23 զինծառայող ոչնչացնելու մասին:

Ակտիվիստների համաձայն, երկուշաբթի վաղ առավոտյան մարտեր են բռնկվել Հոմս քաղաքից դեպի հյուսիս գտնվող Ռասթան քաղաքի շրջակայքում՝ Սիրիայի բանակի կողմից բացված հրետանային հուժկու կրակից հետո:

Ապստամբների և կառավարական ուժերի միջև չդադարող բախումներն է՛լ ավելի են թուլացնում մոտ մեկ ամիս առաջ զինադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը:

Սիրիայի զինված ուժերը՝ հրասայլերի աջակցությամբ, կիրակի օրը հարձակում էին գործել ապստամբներին աջակցող սունի մահմեդականներով բնակեցված Ալ-Թամանա գյուղի ուղղությամբ: Հարձակման հետևանքով զոհվել է քաղաքացիական առնվազն հինգ անձ, կրակի են մատնվել և հափշտակել բազմաթիվ տներ և խանութներ:

Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Ալ-Թամանա գյուղում կառավարական ուժերն իրականացրել են «կոլեկտիվ պատիժ, որի հետևանքով այրվել է գյուղի տների գրեթե կեսը, գյուղերի բնակիչները սպանվել են ձերբակալման պահին և զոհվել հրետանու կրակից»:

Ընդդիմադիրների համաձայն, Ալ-Թամանա գյուղում հակակառավարական կանոնավոր ցույցեր էին անցկացնում, որոնց պատճառով գյուղը դարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի կողմից Հոմս և Համա քաղաքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրակի մատնված՝ սունիներով բնակեցված ավելի քան մեկ տասնյակ բնակավայրերից մեկը:

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող բռնությունների զոհ է գնացել ավելի քան 9 հազար մարդ:

XS
SM
MD
LG