Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մարդասիրական լրացուցիչ օգնություն կտրամադրի Սիրիային


ԱՄՆ-ի արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ հայտնել է Միացյալ Նահանգների կողմից Սիրիային մարդասիրական լրացուցիչ 6,5 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Միացյալ Նահանգները գործադրում է բոլոր ջանքերը՝ Սիրիայում իրականացվող բռնություններից բոլոր տուժածներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով, և իրականացնում է նպատակաուղղված դիվանագիտական աշխատանք՝ ապահովելու, որպեսզի մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունները կարողանան ազատ և անարգել օգնություն տրամադրել նման օգնության կարիքն ունեցող մարդկանց: Մարդասիրական աճող կարիքները հոգալու և Սիրիայի ժողովրդին օգնություն տրամադրելու նպատակով Միացյալ Նահանգները լրացուցիչ 6,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի, ինչը 40 միլիոն դոլարի կհասցնի ներկայիս ճգնաժամի ընթացքում մինչ օրս ԱՄՆ-ի կողմից տրամադրված մարդասիրական անհետաձգելի օգնության ընդհանուր գումարը»:

«Մեր օգնության միջոցով Սիրիայում և հարևան երկրներում բնակվող կարիքավոր անձանց տրամադրվել է սնունդ, մաքուր ջուր, առողջապահական հիմնական ծառայություններ, բժշկական և այլ օգնություն», - նշված է հաղորդագրությունում:

«Մինչ օրս, Միացյալ Նահանգները տրամադրել է.

- 16,5 միլիոն դոլար՝ Պարենի համաշխարհային ծառայությանը,

- 8,5 միլիոն դոլար՝ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակին,

- 7,8 միլիոն դոլար՝ հասարակական կազմակերպություններին,

- 3 միլիոն դոլար՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականներին օգնության և աշխատանքի ՄԱԿ-ի գործակալությանը,

- 3 միլիոն դոլար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին,

- 500 հազար դոլար՝ Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի գրասենյակին»:

«Բարձր ենք գնահատում Սիրիայում բռնություններից փախուստի դիմած անձանց առջև իրենց սահմանները բաց պահող, նրանց ընդունող և օգնություն տրամադրող Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի կառավարությունների վեհանձնությունը: Գովասանքի են արժանի նաև Սիրիայում հակամարտության հետևանքներից տուժած մարդկանց կրած վնասները թեթևացնելու ուղղությամբ աշխատող Միավորված ազգերի կազմակերպությունը, միջազգային և հասարակական այլ կազմակերպությունները», - նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG