Սիրիայի ակտիվիստների գլխավոր խմբերից մեկը սպառնացել է դուրս գալ արդեն իսկ միասնականության խնդիրների հանդիպած ընդդիմադիր դաշինքից այն պատճառով, որ դաշինքը «հեռացել է նախագահ Բաշար ալ-Ասսադի դեմ ուղղված ապստամբության ոգուց»:
«Տեղական համակարգման հանձնաժողովներ» կազմակերպությունը հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունում հայտնել է, որ Սիրիայի ազգային խորհուրդն իրականացնում է քաղաքական տեսակետից ոչ պատշաճ գործողություններ:
Սիրիայում գործող ակտիվիստների ցանցի՝ «Տեղական համակարգման հանձնաժողովներ»-ի համաձայն, Սիրիայի ազգային խորհրդի ղեկավարությունը մեկուսացնում է իր որոշ անդամներին, համակենտրոնացնում իշխանությունն ու պատշաճ կերպով չի համապատասխանեցնում իր գործունեությունը տեղում գործող ակտիվիստների գործունեության հետ:
Մինչ օրս Սիրիայի տարբեր խմբավորումներին և ազգային փոքրամասնություններին միավորելուն ուղղված Սիրիայի ազգային խորհրդի գործունեությունը մեծ հաջողություն չի ունեցել: Ընդհակառակը՝ կարևոր դեր ունեցող բազմաթիվ ակտիվիստներ առանձնացել են Խորհրդից:
Վերջին տարաձայնությունները ձևավորվել են այս շաբաթվա սկզբին, երբ Սիրիայի ազգային խորհուրդը քվեարկել է իր առաջնորդ Բիրհան Ղալիունի պաշտոնավարման ժամկետը ևս երեք ամիս ժամկետով երկարացնելու օգտին՝ չնայած այն մտահոգությունների, որ վերջինս չափազանց սերտ կապեր ունի Սիրիայում գործող Մահմեդական եղբայրության հետ:
Հիշեցնենք, որ Սիրիայի ազգային խորհուրդն այս տարվա մարտ ամսին նշանակվել է երկրի ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչը՝ ի պատասխան երկրի ընդդիմադիր տարբեր ուժերին միջազգային հանրության կողմից ուղղված միասնականության կոչերի: