Մատչելի հղումներ

Սիրիայի իշխանությունները մեղադրել են «ահաբեկիչներին» անվտանգության ուժերի վրա հարձակում գործելու մեջ


Սիրիայի իշխանությունները մեղադրել են «ահաբեկիչներին» անվտանգության ուժերի վրա հարձակում գործելու մեջ

Սիրիայի պետական լրատվամիջոցները մեղադրել են «ահաբեկչական զինված խմբավորումներին» երկրի անվտանգության ուժերի ծառայողների վրա հարձակում գործելու մեջ, որի պատճառով զոհվել է հինգ, վնասվածքներ ստացել՝ 17 ծառայող:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության համաձայն, հարձակումն իրականացվել է հինգշաբթի օրը երկրի մայրաքաղաք Դամասկոսից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դերաա նահանգում:

Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք դադարեցրել են բանակցությունները Սիրիայի հետ և նախատեսում են պատժամիջոցներ սահմանել հարևան պետության նկատմամբ՝ այնտեղ հակակառավարական ցուցարարների դեմ շարունակվող բռնությունների պատճառով:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հայտնել է լրագրողներին, թե ինքը «չի ցանկանում, որպեսզի Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները հասնեն նման աստիճանի, սակայն Սիրիայի կառավարությունը ստիպել է Թուրքիային ընդունել այս որոշումը»:

Վարչապետ Էրդողանը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ հետևելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքի ընթացքում երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպմանը:

Էրդողանի համաձայն, Թուրքիայի արտգործնախարարությունն աշխատելու է Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչության հետ՝ սահմանելու այն պատժամիջոցների ցանկը, որը կարող է կիրառվել Թուրքիայի կողմից:

XS
SM
MD
LG