Տաջիկստանի դատարանը որոշում է կայացրել Ռուսաստանի և Էստոնիայի քաղաքացի օդաչուներին ազատ արձակելու մասին:
Օդաչուներ Վլադիմիր Սադովնիչին և Ալեքսեյ Ռուդենկոն ազատ են արձակվել երեքշաբթի օրն այն բանից հետո, երբ դատարանը կրճատել է բանտարկության ժամկետը և ազատ արձակել իրենց՝ հաշվի առնելով բանտարկության մեջ անցկացված ժամանակը:
Սադովնիչիի և Ռուդենկոյի բանտարկությունից հետո Ռուսաստանի իշխանությունները, ենթադրաբար վրեժխնդիր լինելով օդաչուների ազատազրկման համար, ձերբակալել են այս երկրում աշխատող Տաջիկստանի քաղաքացի հարյուրավոր միգրանտների և երկրից վտարել նրանց մի մասը:
Օդաչուները, որոնք ինքնաթիռը վերալիցքավորելու նպատակով կանգառ էին կատարել Տաջիկստանում՝ Աֆղանստանից դեպի Ռուսաստան կատարվող ուղևորության ընթացքում, մեղադրվել էին Տաջիկստանի սահմանն անօրինական հատելու և մաքսանենգություն կատարելու մեջ:
Տաջիկստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանում աշխատող իր քաղաքացիների կողմից ուղարկվող գումարներից: Աշխատանքային միգրանտներն իրենց հերթին Ռուսաստանն ապահովում են էժան աշխատուժով:
Որոշ վերլուծաբանների համաձայն, օդաչուների ազատազրկման շուրջ տեղի ունեցած արձագանքը վկայում է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև առկա ավելի խորը և լուրջ խնդիրների մասին: Ռուսաստանը ցանկանում է ավելի մեծ թվով զինծառայողներ ուղարկել այս երկիր՝ Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանը վերահսկելու նպատակով, ինչին դեմ է հանդես գալիս Տաջիկստանը: