Մատչելի հղումներ

Ռազմական ոլորտում լրացուցիչ կրճատումներն անհանգստացնում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին


Ռազմական ոլորտում լրացուցիչ կրճատումներն անհանգստացնում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանետան և ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալենն ասել են, որ իրենց մտահոգում է ռազմական ոլորտում ծախսերի հետագա կրճատման հնարավորությունը:

Փանետան և Մալենը հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք գիտակցում են այս շաբաթ օրենքի ուժ ստացած պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու գործարքով նախատեսված ռազմական բյուջեի 350 միլիարդ դոլարով նախատեսված կրճատման անհրաժեշտությունը, սակայն նախազգուշացրել են Պենտագոնի բյուջեում հետագա կրճատումներ իրականացնելու դեմ:

Այս շաբաթ ընդունված օրենքով նախատեսվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը մշակի պետական ծախսերի կրճատման նպատակային ծրագիր: Նման ծրագրի մշակման գործում հաջողության չհասնելու դեպքում, օրենքով նախատեսված է իրականացնել համապարփակ կրճատումներ, ինչպես ռազմական, այնպես էլ պետական այլ գործակալությունների բյուջեներում:

Փանետայի համաձայն, նման կրճատումները մեծ վնաս կհասցնեն ազգային անվտանգությանը: Նա ասել է նաև, թե կանի «հնարավոր ամեն ինչը»՝ զինվորականների և իրենց ընտանիքների բարեկեցությունը պաշտպանելու նպատակով:

Պատասխանելով զինծառայողների աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ հարցին, ծովակալ Մալենն ասել է, որ զինծառայողներից շատերն ամուսնացած են և ունեն երեխաներ, և այդ մարդիկ չպետք է անհանգստանան իրենց աշխատանքի դիմաց վճարվելու մասին:

Խոսելով Իրաքից Միացյալ Նահանգների զորամիավորումների դուրսբերման մասին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փանետան նշել է, որ Միացյալ Նահանգները միշտ խորը և երկարաժամկետ հարաբերություններ կպահպանեն Իրաքի ժողովրդի հետ, և ռազմական ներկայության շուրջ ցանկացած որոշում կընդունվի՝ հաշվի առնելով այս հարաբերությունները:

XS
SM
MD
LG