Մատչելի հղումներ

Իրաքում կայացել է ահաբեկչական հարձակման բազմաթիվ զոհերի հուղարկավորությունը


Իրաքում կայացել է ահաբեկչական հարձակման բազմաթիվ զոհերի հուղարկավորությունը
Իրաքում կայացել է ահաբեկչական հարձակման բազմաթիվ զոհերի հուղարկավորությունը

Իրաքում այսօր կայացել է կիրակի օրն իրականացված ահաբեկչական հարձակման բազմաթիվ զոհերի հուղարկավորությունը:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սունի մահմեդականների ամենամեծ մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ: Մզկիթի աշխատողների համաձայն, հաշմանդամ մուրացկան ձևացող ինքնասպան ահաբեկիչը մի քանի օրվա ընթացքում կարողացել է ծանոթություն հաստատել Ում ալ-Քուրա մզկիթի պահակների հետ, և, ներթափանցելով մզկիթ մահմեդական Ռամադան ամսվա ընթացքում անցկացվող հատուկ աղոթքի ժամանակ, գործարկել է իր վիրակապերի մեջ տեղադրված պայթուցիկը:

Իրաքի ներքին գործերի պաշտոնատար անձանցից մեկի համաձայն, ահաբեկչական այս հարձակման պատճառով զոհվել է երկրի արևմտյան Անբար նահանգը ներկայացնող օրենսդիր Խալիդ ալ-Ֆահդավին:

Ռամադանի ավարտից մի քանի օր առաջ իրականացված ահաբեկչական այս հարձակման համար դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:

Իրաքի այլ վայրերում կիրակի օրն իրականացված ահաբեկչական հարձակումների պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ:

Հյուսիսային Մոսուլ քաղաքում ոստիկանության մեքենային ամրացված պայթուցիկ սարքի պայթյունի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, վնասվածքներ են հասցվել ևս չորս մարդու, իսկ էթնիկական տարբեր խմբերով բնակեցված Բաքուբա քաղաքում զինյալների կողմից կառուցված կեղծ անցակետում իրենց կողմից գնդակահարվել է երեք մարդ:

Բաղդադում նույն օրը տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն չորս մարդ, իսկ Իրաքի մայրաքաղաքից 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թուզ Խուրմաթու քաղաքում պայթյունը պատճառով վնասվածքներ է ստացել ևս երկու մարդ:

XS
SM
MD
LG