Մատչելի հղումներ

Օբաման և Քեմերոնը պնդում են, որ Քադաֆին պետք է պաշտոնաթող լինի


Օբաման և Քեմերոնը պնդում են, որ Քադաֆին պետք է պաշտոնաթող լինի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել են, որ Լիբիայում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի, որպեսզի այս երկրի ղեկավար Մուամար Քադաֆին դադարեցնի քաղաքացիական անձանց վրա կատարվող հարձակումները և պաշտոնաթող լինի:

Հանդես գալով Լոնդոնում չորեքշաբթի օրը համատեղ անցկացված ասուլիսի ժամանակ` նախագահ Օբաման ասել է, որ Քադաֆիի վրա գործադրվող ճնշումը չի թուլացվի: Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին նշել է, որ իր երկիրը փորձելու է Քադաֆիի վրա էլ ավելի մեծ ճնշում գործադրել:

Երկու պետությունների ղեկավարները համաձայնել են, որ այս գործողությունների հիմնական նպատակը Լիբիայի ժողովրդի համար իր ապագան ընտրելու հնարավորության ստեղծումն է:

ԱՄՆ-ի նախագահը նշել է նաև, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում Քադաֆիին հավատարիմ ուժերը վերջիվերջո տեղի կտան, սակայն դա «դանդաղ և շարունակական գործընթաց է լինելու»:

Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կուժեղացնեն ճնշումը նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ, որին հավատարիմ անվտանգության ուժերը շարունակում են հարձակումներ կատարել հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա:

Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ ինքն ու նախագահ Օբաման այս շաբաթ Ֆրանսիայում կայանալիք «Մեծ ութնյակի» հանդիպման ընթացքում ջանքեր են գործադրելու` Մերձավոր Արևելքում բարեփոխումների ձգտող պետություններին տնտեսական և քաղաքական աջակցություն իրականացնելու համար օգնություն տրամադրող ծրագիր ընդունելու ուղղությամբ: Քեմերոնը հավելել է, որ ինքն ու նախագահ Օբաման համաձայնել են սատարել նրանց, ովքեր աշխատում են ազատության հաստատման ուղղությամբ:

XS
SM
MD
LG