Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող փոփոխությունների մասին


Նախագահ Օբաման` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող փոփոխությունների մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր ԱՄՆ-ի արտգործնախարարությունում հանդես է եկել Մերձավոր Արևելքին նվիրված ելույթով:

Նախագահ Օբամայի ելույթից առաջ հանդես եկած ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Մերձավոր Արևելքի բնակիչներն իրենց ձեռքն են վերցնում ճակատագիրը և «այսօր առավել քան երբևէ կարևոր է ԱՄՆ-ի առնաջնորդնությունը»:

Իր խոսքում Բարաք Օբաման անդրադարձել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող փոփոխություններին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները մեծ աշխատանք է տարել այս տարածաշրջանում քաղաքականությունը փոխելու ուղղությամբ, որի արդյունքում Իրաքում զգալիորեն կրճատվել է զորքերի թիվը, և զորքերի դուրսբերում նախատեսվում է նաև Աֆղանստանից:

Խոսելով բին Լադենի մասին, Օբաման նշել է, որ բին Լադենը «եղել է մարդասպան, որը հետապնդում էր կործանման նպատակներ»:

Նախագահ Օբաման շեշտել է, որ երկար ժամանակ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների ղեկավարները մեղադրել են Արևմուտքը իրենց բոլոր խնդիրների մեջ, ինչը, Իսրայելի հանդեպ ուղղված ատելության հետ մեկտեղ, օգտագործվել է որպես հիմք` ցանկացած այլախոհություն ճնշելու համար, «սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ բռնությունների քաղաքականությունն այլևս չի գործում»:

«Խաղաղ ցույցեր անցկացնելու միջոցով տարածաշրջանի բնակիչները հասել են ավելի մեծ արդյունքների, քան ահաբեկիչները` տասնամյակների ընթացքում», - ասել է Օբաման:

«ԱՄՆ-ը պետք է ցույց տա, որ իր համար Թունիսի փողոցային վաճառականի արժանապատվությունը շատ ավելի կարևոր է, քանի բռնատիրական որևէ վարչակարգի համար: Աշխարհում ամենուրեք Միացյալ Նահանգները սատարում է համընդհանուր իրավունքները` խոսքի, հավաքների և դավանանքի ազատությունը», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

XS
SM
MD
LG