Մատչելի հղումներ

Երուսաղեմում Հիլարի Քլինթընը խաղաղության բանակցությունների նոր շրջան է անցկացնում


ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդները «գործնական քննարկումներ են անցկացնում»: Նրանք անցել են մերձավորարևելյան հակամարտության հիմքում ընկած հիմնախնդիրների քննարկմանը:

Այդ հայտարարությունը նախարար Քլինթընն արել է չորեքշաբթի օրը Երուսաղեմում, որտեղ երկու օրվա ընթացքում տեղի են ունենալու նրա հանդիպումները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Կայանալիք բանակցությունների քննարկման հիմնական առարկան կլինի Հորդանան գետի արևմտյան ափում հրեական նոր բնակավայրերի շինարարությունը:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը օրվա սկզբին հանդիպում է ունեցել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ: Բենյամին Նեթանյահուի և Մահմուդ Աբբասի հետ եռակողմ քննարկումներ անցկացնելուց առաջ նա մի շարք հանդիպումներ է ունենալու Իսրայելի պաշտոնյաների հետ: ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը, Իսրայելի վարչապետը և պաղեստինցիների նախագահը երեքշաբթի օրը բանակցություններ էին անցկացրել Եգիպտոսում, որոնց ընթացքում, սակայն, նկատելի առաջընթաց չի գրանցվել:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելը հայտնել է, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած բանակցությունների ընթացքում «կողմերը լուրջ, մանրամասն և խորը քննարկումներ էին անցկացրել հիմնախնդիրների շուրջ»` ներառյալ պաղեստինյան նոր պետության սահմանների, Իսրայելի անվտանգության երաշխիքների, Երուսաղեմի քաղաքական կարգավիճակի և պաղեստինցի փախստականների իրավունքների խնդիրները:

XS
SM
MD
LG