Մատչելի հղումներ

ԱՄՆ–ը վերսկսում է քննարկումները պաղեստինցիների հետ


ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը երկրորդ անգամ հանդիպելու են Նյու Յորքում շաբաթ օրը։ Հանդիպման ընթացքում նրանք փորձելու են կանխարգելել Իսրայելի և պաղեստինցիների միջև անցկացվող խաղաղության բանակցությունների խաթարումը։ Քլինթընի և Աբբասի միջև հանդիպում կայացել էր նաև ուրբաթ օրը։

Պաղեստինցիները սպառնացել են դուրս գալ բանակցություններից, եթե Իսրայելը չերկարաձգի բնակավայրերի կառուցման դանդաղեցումը, որի ժամկետը լրանում է շաբաթ օրը։ Իսրայելը հրաժարվել է քննարկել երկարաձգումը, սակայն ուրբաթ օրն ասել է, որ կարող է քննարկել փոխզիջման միջոցներ։

ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ–ի վարչակազմը ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ բնակավայրերի կառուցման դադարի երկարաձգման հարցում։ Արտաքին գործերի նախարար Քլինթընը կոչ է անելու Մահմուդ Աբբասին չիրականացնել բանակցություններից դուրս գալու խոստումները։

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև ուղիղ բանակցությունները վերսկսվել են Վաշինգտոնում այս ամսվա սկզբին։

Հինգշաբթի, օրը ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում, ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերել Իսրայելի և պաղեստինցիների միջև անցկացվող խաղաղության բանակցություններին։ Նա հույս է հայտնել, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի կնքել խաղաղության պայմանագիր։

XS
SM
MD
LG