Մատչելի հղումներ

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հորդորել է ՆԱՏՕ-ին երկարաձգել առաքելությունը


Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հորդորել է ՆԱՏՕ-ին երկարաձգել առաքելությունը

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հորդորել է ՆԱՏՕ-ին շարունակել առաքելությունն այս պետությունում առնվազն մինչև այս տարվա ավարտը:

Խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլը չորեքշաբթի օրն ասել է, որ ՆԱՏՕ-ի կողմից առաքելության շարունակությունը թույլ կտա խոչընդոտել երկրում նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի դեռևս մնացող կողմնակիցներին վերախմբավորվելու հնարավորությունը և վտանգ ներկայացնել երկրի համար:

Այս հայտարարությամբ Ջալիլը հանդես է Քաթարում, ուր ժամանել է՝ մասնակցելու անցյալ շաբաթ Քադաֆիի մահվանից հետո Լիբիայի խնդիրների շուրջ անցկացվող միջազգային առաջին համաժողովին:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտոնատար անձինք չորեքշաբթի օրը հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու Լիբիայում դաշինքի կողմից արդեն յոթ ամիս շարունակ իրականացվող առաքելությունը: Հանդիպման արդյունքում որոշվել է հետաձգել առաքելության վերաբերյալ պաշտոնական որոշման հրապարակումը մինչև ուրբաթ օրը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրվի Լիբիայի ժամանակավոր ղեկավարության հետ այս հարցի շուրջ անցկացվող խորհրդակցություններին:

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ն հայտնել էր Լիբիայում իր առաքելությունը հոկտեմբերի 31-ին ավարտելու վերաբերյալ նախնական որոշման մասին:

Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի հուղարկավորությունն անցկացվել է երեքշաբթի օրը գաղտնի պահվող վայրում: Քադաֆին սպանվել է անցյալ հինգշաբթի օրը՝ ժամանակավոր կառավարության ուժերի կողմից Սիրթ քաղաքի գրոհն իրականացնելու ընթացքում:

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդի վրա շարունակվում է գործադրվել միջազգային ճնշումը՝ Քադաֆիի մահվան հանգամանքների հետաքննությունն անցկացնելու նպատակով: Բջջային հեռախոսի տեսախցիկով նկարահանված նյութում երևում է, որ ժամանակավոր կառավարության մարտիկները մահվանից առաջ խոշտանգումների են ենթարկել Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆիին:

XS
SM
MD
LG