Մատչելի հղումներ

Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆին սպանվել է


Մուամար Քադաֆի (արխիվային լուսանկար)

Լիբիայի ժամանակավոր կառավարության ուժերը սպանել են երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին հինգշաբթի օրը՝ Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքի գրոհն իրականացնելու ժամանակ:

Լիբիայի Անցումային ազգային խորհրդի վարչապետ Մահմուդ Ջիբրիլը հաստատել է Քադաֆիի մահվան մասին լուրը Տրիպոլիում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում: Նա ասել է նաև, որ ժամանակն է եկել կառուցել նոր, միասնական Լիբիան:

Միացյալ Նահանգների իշխանությունները հայտնել են Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆիի սպանության մասին լուրերի հաստատումը ստանալու հանգամանքը:

Մուամար Քադաֆին 69 տարեկան էր:

Լիբիայի նախկին ղեկավարի մահվան հանգամանքները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն: Անցումային ազգային խորհրդի մարտիկների համաձայն, Քադաֆիին հայտնաբերել են ստորգետնյա թաքստոցում, որտեղ վերջինս սպանվել է՝ Սիրթ քաղաքում իր կողմնակիցների ուղղությամբ իրականացվող գրոհի արդյունքում:

ՆԱՏՕ-ն հայտնել է սակայն, որ դաշինքի ռազմական ինքնաթիռներն այդ ժամանակ հարված են հասցրել հինգշաբթի օրը Սիրթ քաղաքի մոտակայքում Քադաֆիին հավատարիմ ուժերին պատկանող երկու մեքենայի ուղղությամբ:

XS
SM
MD
LG