Մատչելի հղումներ

Քադաֆիին հուղարկավորել են գաղտնի վայրում


Քադաֆիին հուղարկավորել են գաղտնի վայրում
Քադաֆիին հուղարկավորել են գաղտնի վայրում

Լիբիայի ժամանակավոր կառավարության պաշտոնատար անձանց համաձայն, երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի աճյունը հուղարկավորվել է գաղտնի վայրում գտնվող անանուն գերեզմանում:

Անցումային ազգային խորհրդի պաշտոնատար անձանց համաձայն, Քադաֆիի, իր որդի Մութասիմի և պաշտպանության նախկին նախարար Աբու Բաքր Յունուսի աճյունները երեքշաբթի առավոտյան հուղարկավորվել են նույն արարողության ընթացքում:

Քադաֆիի աճյունն անցյալ ուրբաթ օրվանից դրվել էր համընդհանուր ցուցադրության Միսրաթա նավահանգստային քաղաքում՝ տեղադրվելով մեծ սառնարանում:

Այս ընթացքում իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը զգուշացրել է Սիրթ քաղաքի շրջակայքում, որտեղ անցյալ շաբաթ հայտնաբերվել է Քադաֆին, չվերահսկվող զենքի մեծ քանակության առկայության մասին:

«Human Rights Watch»-ի համաձայն, այն ստուգել է Սիրթի մոտակայքում գտնվող երկու վայր, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ չվերահսկվող «երկիր-օդ» տեսակի հրթիռային համակարգեր, հակատանկային, նռնականետային և այլ սպառազինություն: Կազմակերպությունը հայտնել է, որ զենքի պահպանման վայրերը ստուգվել են կիրակի օրը և հայտնաբերվել է, որ դրանցում պահվող զենքի և զինամթերքի հիմնական մասը կողոպտվել է:

Իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, այն մի քանի ամիս առաջ է զգուշացրել Լիբիայի Անցումային ազգային խորհրդին և ՆԱՏՕ-ին չվերահսկվող զենքի և սպառազինության առկայության վտանգի մասին և նշել, որ զենքի և զինամթերքի պահեստավորման վայրերի անվտանգության ապահովումը պետք է լինի Անցումային ազգային խորհրդի առաջնահերթություններից մեկը:

«Human Rights Watch»-ը նաև դիմել է Լիբիայի նոր իշխանություններին Սիրթ քաղաքի համար վարվող մարտերի ընթացքում Քադաֆիի կողմնակիցների զանգվածային սպանդի դեպքերը հետաքննելու խնդրանքով:

XS
SM
MD
LG