Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Լիբիայում ՆԱՏՕ-ի առաքելությունն ավարտելու օգտին


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Լիբիայում ՆԱՏՕ-ի առաքելությունն ավարտելու օգտին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Լիբիայում ՆԱՏՕ-ի առաքելությունն ավարտելու օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբիայում ՆԱՏՕ-ի առաքելության մանդատն ավարտելուն կողմ՝ չնայած Լիբիայի իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի առաքելությունը երկարաձգելու մասին ներկայացված խնդրանքին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել այս երկրում ՆԱՏՕ-ի մանդատը հոկտեմբերի 31-ին ավարտելուն:

Լիբիայում ՆԱՏՕ-ին «թռիչքազերծ գոտի» ապահովելու մանդատը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տրամադրել է յոթ ամիս առաջ՝ այն ժամանակ երկրի իշխանության գլուխ դեռևս կանգնած Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերից քաղաքացիական անձանց պաշտպանելու նպատակով:

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը չորեքշաբթի օրը հորդորել էր ՆԱՏՕ-ին շարունակել առաքելությունն այս պետությունում առնվազն մինչև այս տարվա ավարտը:

Խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլը ասել էր, որ ՆԱՏՕ-ի կողմից առաքելության շարունակությունը թույլ կտա խոչընդոտել երկրում նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի դեռևս մնացող կողմնակիցներին վերախմբավորվելու հնարավորությունը:

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հինգշաբթի օրը հայտնել է, որ Քադաֆիին սպանությունն իրականացրած անձինք հետապնդվելու են դատական կարգով, եթե հետաքննության արդյունքներով հայտնաբերվի, որ ժամանակավոր կառավարության մարտիկները սպանել են նրան գերի վերցնելուց հետո:

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդի վրա միջազգային ճնշում է գործադրվում՝ Քադաֆիի մահվան հանգամանքների հետաքննությունն իրականացնելու հարցում: Բջջային հեռախոսի տեսախցիկով նկարահանվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ժամանակավոր կառավարության մարտիկները մահվանից առաջ խոշտանգումների են ենթարկել Լիբիայի նախկին ղեկավարին:

XS
SM
MD
LG