Մատչելի հղումներ

Քոֆի Անանն ազատելու է խաղաղության հանձնակատարի պաշտոնը


Բան Կի-մուն. «Անանն արժանի է գովասանքի բարձր խոսքերի, քանի որ նա անմոռաց կերպով ներդրել է իր կարողություններն ու հեղինակությունը՝ աշխատելով այս չափազանց դժվար և հնարավոր է՝ անշնորհակալ առաջադրանքներից մեկի նպատակներին հասնելու ուղղությամբ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրը հայտնել է, որ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը որոշում է կայացրել չերկարացնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարի իր մանդատը, որի գործողության ժամկետը լրանում է օգոստոս ամսին:

Քոֆի Անանը եղել է Սիրիայում խաղաղություն հաստատելու վեց կետից բաղկացած ծրագրի հեղինակը, սակայն ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ էլ ընդդիմության ուժերը երբեք լիովին չեն հետևել ծրագրին և շարունակել են բռնությունների իրականացումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Անանն արժանի է «գովասանքի բարձր խոսքերի, քանի որ նա անմոռաց կերպով ներդրել է իր կարողություններն ու հեղինակությունը՝ աշխատելով այս չափազանց դժվար և հնարավոր է՝ անշնորհակալ առաջադրանքներից մեկի նպատակներին հասնելու ուղղությամբ»:

Բան Կի-մունն ասել է նաև, որ Արաբական պետությունների լիգայի հետ անցկացվում են «խաղաղապահ այս կարևորագույն աշխատանքում փոխարինող գտնելուն ուղղված քննարկումներ»:

«Համոզված եմ՝ ավելի մեծ թվով մարդկանց սպանությամբ հնարավոր չէ պատասխաններ գտնել: Ընդհակառակը՝ դրանք օրեցօր է՛լ ավելի են դժվարացնելու լուծում գտնելու աշխատանքը և կդառնան երկրի համար նոր տառապանքների, իսկ ամբողջ տարածաշրջանի համար՝ մեծ վտանգի պատճառ», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
XS
SM
MD
LG