Մատչելի հղումներ

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը


Անանն ընդունել է, որ Սիրիայի ընդդիմության և կառավարության միջև բանակցություններ մեկնարկելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը ձախողվել են

Խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը բանակցություններ է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որոնք, ըստ Անանի, եղել են «կառուցողական և անկեղծ»:

Դամասկոսում գտնվող Անանը հայտնել է լրագրողներին, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ընդդիմության և կառավարական ուժերի միջև բռնությունների դադարեցման ուղիները՝ հավելելով, որ համաձայնության են եկել մի այնպիսի մոտեցման շուրջ, որն ինքը ներկայացնելու է նաև ընդդիմության ուժերին:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Անանն արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է Սիրիայում խաղաղության ծրագրի իրականացման շուրջ, սակայն ընդունել է, որ ընդդիմության և կառավարության միջև բանակցություններ մեկնարկելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը ձախողվել են:

Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկին կիրակի օրը տված հարցազրույցում Անանը մեղադրել է Միացյալ Նահանգներին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Քաթարին Սիրիայում խաղաղությունը խաթարելու և «ահաբեկիչներին» աջակցություն ցուցաբերելու մեջ:

Միավորված ազգերի կազմակերպությունը ցանկանում է անկախ հետաքննություն անցկացնել՝ ուսումնասիրելու Սիրիայի նախագահ Ասադի կողմից ներկայացվող այն տեղեկությունները, որոնց համաձայն երկրում չդադարող բռնությունների համար պատասխանատվություն են կրում ահաբեկիչները, այլ ոչ թե կառավարությունը:
XS
SM
MD
LG