Մատչելի հղումներ

Իտալիայի վարչապետը երկրորդ անգամ է արժանացել խորհրդարանի վստահության քվեին


Իտալիայի վարչապետը երկրորդ անգամ է արժանացել խորհրդարանի վստահության քվեին

Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին երկրորդ անգամ արժանացել է երկրի խորհրդարանի վստահության քվեին` այսպիսով խորհրդարանի կողմից ստանալով երկրի պարտքային ճգնաժամի խնդիրը կարգավորելու լիազորություն:

Խորհրդարանի ստորին պալատն ուրբաթ օրն անցկացված քվեարկության արդյունքներով 556` կողմ, 61` դեմ ձայների համամասնությամբ հավանության է արժանացրել երկրի նոր կառավարությունը: Այս քվեարկությանը նախորդել է հինգշաբթի օրը երկրի Սենատում նոր կառավարությանը վստահության քվեն, որի ընթացքում սենատորների գերակշռող մեծամասնությունը նույնպես հավանության է արժանացրել Իտալիայի նոր կառավարությունը:

Իտալիայի վարչապետ Մոնտին ուրբաթ օրը հայտնել է, թե հաջորդ շաբաթ հանդիպում կունենա Ստրասբուրգում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ` Եվրոպայի գոտում ծավալված հարկային ճգնաժամը հաղթահարելու ուղիները քննարկելու նպատակով:

Վարչապետ Մոտնիի կողմից կազմված` տեխնոկրատներից բաղկացած կառավարությունը կազմվել է այն բանից հետո, երբ երկրում ծավալված ֆինանսական ճգնաժամի պատճառով հրաժարական է ներկայացրել նախորդ վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին:

Տնտեսագիտության պրոֆեսոր և Եվրամիության նախկին հանձնակատար Մոնտին խոստացել է բարեփոխումներ անցկացնել` Իտալիայում տնտեսական աճ ապահովելու նպատակով: Նրա համաձայն, առաջ շարժվելու համար Իտալիայի ժողովուրդը պետք է պատրաստ լինի որոշ զոհաբերություններ անել:

XS
SM
MD
LG