«Իրանը մեկ քայլ անգամ հետ չի կանգնելու իր միջուկային ծրագրի իրականացումից»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը չորեքշաբթի օրն անցկացված հավաքի ընթացքում:
Հանդես գալով հավաքի ընթացքում՝ Ահմադինեջադը նաև քննադատության է ենթարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցը:
Իրանի իշխանությունները «որևէ նորություն չպարունակող» են անվանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցում ներկայացվել են տեղեկություններ, որոնց համաձայն Թեհրանն իրականացնում է միջուկային զենք մշակելուն ուղղված աշխատանքներ:
Գործակալությունը երեքշաբթի օրը հրապարակած փաստաթղթում նշել է, որ այն «լուրջ մտահոգություններ» ունի Իրանի կողմից միջուկային զենք մշակելու ուղղությամբ կատարվող աշխատանքների, ներառյալ միջուկային զենքի մասերի փորձարկման իրականացման մասին տեղեկությունների վերաբերյալ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպանը «պատմական սխալ» է անվանել զեկույցը:
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալի Ասղար Սոլթանիեն ասել է, թե զեկույցում կրկնվում են հին մեղադրանքները, և որ Իրանն արդեն ապացուցել է դրանց շինծու լինելը: Սոլթանիեն նաև «ոչ հավասարակշռված և քաղաքական դրդապատճառներ ունեցող» է անվանել զեկույցում հրապարակված տեղեկությունները:
Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց համաձայն, զեկույցում հրապարակված տեղեկությունները կարող են Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հիմք դառնալ:
Ռուսաստանը սակայն քննադատության է ենթարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույցը կազմակերպության կառավարման խորհրդի 35 պետությունների ներկայացուցիչներին ներկայացնելու համար: Ռուսաստանի արտգործնախարարությունը զեկույցը հրապարակելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «այս քայլը կարծես միտված է վեճի դիվանագիտական լուծումը կանխելուն այն ժամանակ, երբ առկա էր Իրանի և աշխարհի տերությունների միջև բանակցությունների վերսկսման հնարավորություն»: