Մատչելի հղումներ

Իրանում նշվել է 1979 թվականին ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելու տարեդարձը


Իրանում նշվել է 1979 թվականին ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելու տարեդարձը

Իրանում ուրբաթ օրն անցկացվել են զանգվածային հավաքներ, որոնց մասնակիցները նշել են 1979 թվականին ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելու տարեդարձը:

Թեհրանում անցկացված ցույցերի որոշ մասնակիցներ հավաքվել են դեսպանության նախկին վայրի մոտ, որը ցույցերի մասնակիցները «լրտեսների բուն» են անվանել:

Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամեն տարի անցկացվող այս հավաքների մասնակիցներին այս տարի հավաքների ընթացքում միասնականություն են արտահայտել «Արաբական գարնան» հեղափոխությունների հետ, ինչպես նաև «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցների հետ:

1979 թվականին իրանցի ուսանողները գրոհել են այս երկրում Միացյալ Նահանգների դեսպանատան համալիրը՝ արտահայտելով իրենց բողոքը ԱՄՆ-ի քաղաքականության դեմ և ավելի քան մեկ տարի պատանդ պահելով Միացյալ Նահանգների 52 քաղաքացի: Այս դեպքից հետո Վաշինգտոնը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ:

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերություններում լարվածությունը վերջերս ավելացել է, երբ ԱՄՆ-ի իշխանությունները հանդես են եկել Իրանի կողմից Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպանի դավադրությունը կազմակերպելու հայտարարությամբ:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն անցյալ ամիս մեղադրել էր Իրանի անձնագիր ունեցող ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի Մանսոր Արբաբսիարին և Ղոլամ Շաքուրիին, որը Իրանի զինված ուժերի էլիտար «Քադս» ստորաբաժանման անդամ է, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեիրի վրա մահափորձ կատարելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, Արբաբսիարը վարձել էր ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության իրազեկիչներից մեկին՝ հավատացած լինելով, որ վերջինը կապեր ունի Մեքսիկայի թմրամիջոցների կարտելների հետ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը:

Իրանի իշխանությունները կտրականապես հերքել են մահափորձի նախապատրաստության մեջ որևէ դեր ունենալու հանգամանքը: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով իր «զայրույթը» ԱՄՆ-ի մեղադրանքներով և անվանելով դրանք «քաղաքական շարժառիթներ ունեցող պատերազմի կոչեր և քարոզչություն»:

XS
SM
MD
LG