Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը մտահոգված է Իրանում ռազմական կառավարման հնարավորությամբ


ԱՄՆ-ի արտգործնախարարը մտահոգված է Իրանում ռազմական կառավարման հնարավորությամբ

«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներգրավվածությունը Իրանի կառավարման մեջ ավելանում է, և հնարավոր է, որ Իրանը շարժվում է դեպի ռազմական դիկտատուրա»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկերեն լուրերի ցանցին տված հարցազրույցում, որի ընթացքում նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգները նախատեսում է հիմնադրել առցանց դեսպանություն և փորձում շրջանցել Իրանի «էլեկտրոնային վարագույրը»:

«Պարսկերեն լուրերի ցանցի» «Պարազիտ» հանրամատչելի ծրագրին տված հարցազրույցում Քլինընը նշել է, որ Իրանից ստացվող լուրերի համաձայն, այս երկրի ղեկավարությունը կարող է վերացնել նախագահի ընտրովի պաշտոնը:

Քլինթընի համաձայն, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնալով է՛լ ավելի ներգրավված է դառնում երկրի տնտեսությունում:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի արտգործնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որպեսզի վերջինս դադարեցնի միջուկային զենք ստեղծելու ծրագրերը:

«Ամենախիստ պատժամիջոցները սահմանվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Իրանի վարչակարգը իրականացնում է միջուկային զենք ստեղծելու ծրագիր: Բոլորի կարծիքով, գաղտնի գործողությունները, գաղտնի հզորությունները, տարածվող ստահոդ տեղեկությունները՝ այս ամենը մաս է կազմում Իրանի վարչակարգի կողմից միջուկային զենք ձեռք բերելու փորձերի, ինչը շատ ապակայունացնող ազդեցություն կարող է ունենալ», - ասել է Քլինթընը:

ԱՄՆ-ի արտգործնախարարը սակայն նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող քաղաքականությամբ նախատեսվում է ինչպես պատժամիջոցների սահմանում, այնպես էլ դիվանագիտական քայլերի իրականացում:

Արտգործնախարար Քլինթընի համաձայն, Միացյալ Նահանգները չի ցանկանում ընդհարվել Իրանի իշխանությունների հետ, սակայն միաժամանակ ցանկանում են սատարել Իրանի այն բնակիչներին, որոնց ժողովրդավարական բարեփոխումներ են պահանջում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարի կողմից «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկերեն լուրերի ցանցին տված հարցազրույցից երկու շաբաթ առաջ Իրանի զինված ուժերի էլիտար «Քադս» ստորաբաժանման անդամները փորձել են ԱՄՆ-ում իրականացնել մահափորձ Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա:

XS
SM
MD
LG