Մատչելի հղումներ

Իրանը հորդորել է ԱՄՆ-ին ներողություն խնդրել` սպանության դավադրության մեղադրանքներ ներկայացնելու համար


Իրանի արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանփարաստ

Իրանը հորդորել է Միացյալ Նահանգներին ներողություն խնդրել՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձ կատարելու դավադրություն կազմակերպելու մեղադրանքներ ներկայացնելու համար:

Արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանփարաստը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանը ներողություն խնդրելու պահանջով նամակ է հղել Միացյալ Նահանգներին:

Նամակում Իրանի իշխանությունները նաև կոչ են արել Միացյալ Նահանգներին փոխհատուցել ԱՄՆ-ի կողմից ներկայացված մեղադրանքների պատճառով Իրանի կողմից կրած վնասները:

Իրանի իշխանությունների պահանջները պարունակող նամակն ուղարկվել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության միջոցով, որն Իրանում ներկայացնում է Միացյալ Նահանգների շահերը՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն անցյալ ամիս մեղադրել էր Իրանի անձնագիր ունեցող ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի Մանսոր Արբաբսիարին և Ղոլամ Շաքուրիին, որը Իրանի զինված ուժերի էլիտար «Քադս» ստորաբաժանման անդամ է, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեիրի վրա մահափորձ կատարելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, Արբաբսիարը վարձել էր ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության իրազեկիչներից մեկին՝ հավատացած լինելով, որ վերջինը կապեր ունի Մեքսիկայի թմրամիջոցների կարտելների հետ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը:

Իրանի իշխանությունները կտրականապես հերքել են մահափորձի նախապատրաստության մեջ որևէ դեր ունենալու հանգամանքը: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով իր «զայրույթը» ԱՄՆ-ի մեղադրանքներով և անվանելով դրանք «քաղաքական շարժառիթներ ունեցող պատերազմի կոչեր և քարոզչություն»:

XS
SM
MD
LG