Մատչելի հղումներ

Չինաստան. «Պատժամիջոցները սկզբունքորեն չեն լուծի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները»


«Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները սկզբունքորեն չեն լուծելու այս երկրի միջուկային ծրագրով առաջացրած մտահոգությունները»:

Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ Պեկինը նախընտրություն է տալիս երկխոսության:

Չինաստանի արտգործնախարարության այս հայտարարությունից մեկ օր առաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը հրապարակումից հետո:

Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցում ներկայացվել են տեղեկություններ, որոնց համաձայն Թեհրանն իրականացնում է միջուկային զենքի մշակմանն ուղղված աշխատանքներ:

Գործակալությունը երեքշաբթի օրը հրապարակած փաստաթղթում նշել է, որ այն «լուրջ մտահոգություններ» ունի Իրանի կողմից միջուկային զենք մշակելու ուղղությամբ կատարվող աշխատանքների, ներառյալ միջուկային զենքի մասերի փորձարկման իրականացման մասին տեղեկությունների վերաբերյալ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն «պատմական սխալ» է անվանել զեկույցը: Սոլթանիեն ասել է, թե զեկույցում կրկնվում են հին մեղադրանքները, և որ Իրանն արդեն ապացուցել է դրանց շինծու էոթյունը: Նա նաև «ոչ հավասարակշռված և քաղաքական դրդապատճառներ ունեցող» է անվանել զեկույցում հրապարակված տեղեկությունները:

Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց համաձայն, զեկույցում հրապարակված տեղեկությունները կարող են Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հիմք դառնալ:

XS
SM
MD
LG