Մատչելի հղումներ

Պատժամիջոցների պատճառով կտրուկ նվազել է Իրանի արժույթի փոխարժեքը


Հորմուզի նեղուց, պատկերը տիեզերքից

Իրանի ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ նվազել է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից այս երկրի Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենքը ստորագրելուց երկու օր անց:

Արժույթի վաճառողները երկուշաբթի օրը հայտնել են, որ փոխարժեքները նվազել են՝ մեկ դոլարի դիմաց հասնելով մոտ 17 հազար ռիալի, ինչը ավելի քան տասը տոկոսով պակաս է անցյալ հինգշաբթի գրանցված ցուցանիշներից:

ԱՄՆ-ի կողմից ընդունված պատժամիջոցներն ուղղված են Իրանի կենտրոնական բանկի հետ գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատությունների դեմ, իսկ պատժամիջոցների լրիվ ծավալով իրականացումը կարող է ազդեցություն գործել միջազգային շուկաներում նավթ վաճառելու Իրանի կարողության վրա:

Այս քայլը նպատակ է հետապնդում խոչընդոտել Իրանի կողմից իր միջուկային և հրթիռային ծրագրերին ֆինանսավորում տրամադրելուն:

Սպասվում է, որ Եվրոպական Միությանն այս ամսվա ընթացքում կընդունի լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք կարող են ներառել նաև Իրանից նավթամթերքի ներմուծման արգելքը:

Իրանը, ի պատասխան նման պատժամիջոցների, սպառնացել է արգելափակել Պարսից ծոցից նավթամթերքի արտահանման կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը:

Բահրեյնում տեղակայված ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմը, ի պատասխան Իրանի սպառնալիքներին, հայտնել է, թե թույլ չի տա խաթարել Պարսից ծոցից նավթի արտահանումը:

XS
SM
MD
LG