Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով ազատազրկման է դատապարտվել վեց զինծառայող


«Եղբայրություն, թե՞ բռնություն» կարգախոսով պաստառի մոտ կանգնած ակտիվիստ, Տրապիզոն, 2007 թվականի հունվար (արխիվային լուսանկար)

Թուրքիայի Տրապիզոնի քրեական դատարանը հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կանխելու գործում անփութության մեղադրանքով ութ կասկածյալներից վեցի նկատմամբ ազատազրկման մասին վճիռ է կայացրել:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, վեց ամսվա բանտարկության են դատապարտվել ժանդարմերիայի երկու սպա` Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Յոզն ու հետախուզական ստորաբաժանման տնօրեն, կապիտան Մեթին Յիլդիզը:

Նույն մեղադրանքներով չորս ամսվա ազատազրկման են դատապարտվել սերժանտական անձնակազմի չորս ծառայող:

Երկու այլ ծառայողի նկատմամբ դատարանը արդարացնող վճիռներ է կայացրել:

Հրանտ Դինքի ընտանիքի իրավաբանների համաձայն, Տրապիզոնում դատապարտված անձինք 2006 թվականի հուլիսից ի վեր տեղյակ են եղել լրագրողի սպանության դավադրության մասին, սակայն սպանությունը կանխելու համար անհրաժեշտ որևէ գործողության չեն դիմել: Իրավաբանների համաձայն, դա վկայում է Տրապիզոնում դատապարտված անձանց և Դինքի սպանության գործում կասկածյալների միջև եղած կապի մասին:

Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող անձանց դատավարությունը շարունակվում է Ստամբուլի քրեական բարձրագույն 14-րդ դատարանում:

XS
SM
MD
LG