Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր ճանաչեց Հրանտ Դինքի գործով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած հայտարարության համաձայն, Թուրքիան մեղավոր ճանաչվեց հայ լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության իրավունքի պաշտպանության մեջ թերանալու մեղադրանքով:

Ինչպես նշում է «Հուրեթ» օրաթերթը, Եվրոպական դատարան ներկայացված գործն ի սկզբանե ուսումնասիրել է «Ակոս» շաբաթաթերթում տպագրված հոդվածում «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով Հրանտ Դինքի դեմ հարուցված դատական գործը: Այդ մեղադրանքով իր դեմ հարուցված գործի կապակցությամբ լրագրողը թուրքական պետության դեմ գործ էր հարուցել Եվրոպական դատարանում:

2007 թվականին Ստամբուլում գտնվող «Ակոս» շաբաթաթերթի շենքի մոտ Հրանտ Դինքի սպանությունից հետո նրա ընտանիքը բարձր դատարան էր դիմել մեկ այլ հայցով, որով թուրքական պետությունը մեղադրվում էր լրագրողի կյանքի իրավունքը պաշտպանելու գործում թերանալու մեջ:

Ավելի ուշ, վերոհիշյալ երկու գործերը, միավորվելով, կազմել են միասնական մեկ գործ:

Դատարանի հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիաին մեղավոր է ճանաչվել Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության իրավունքի պաշտպանության մեջ թերանալու մեղադրանքներով: Եվրոպական դատարանի որոշման համաձայն, Թուրքիան որպես փոխհատուցում Հրանտ Դինքի ընտանիքին պետք է վճարի 105 հազար եվրո, իսկ որպես դատական ճախսերի հատուցում` 28 595 եվրոյի չափով գումար:

XS
SM
MD
LG