Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի գործում Թուրքիան նախատեսում է բարյացակամ լուծում գտնել


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սպանված լրագրող Հրանտ Դինքի գործով Թուրքիայի կառավարությունը նախատեսում է բարյացակամ լուծում գտնել նրա ընտանիքի հետ:

Թուրքական «Բուգյուն Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկրի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն ասել է, որ Անկարան նախատեսում է ձեռնարկել քայլեր Թուրքիայի դեմ և, մասնավորապես, Հրանտ Դինքի վարվող գործերով ժամանակակից և համընդհանուր իրավունքին համապատասխան լուծումներ տալու ուղղությամբ:

Նա ասել է, որ «Հրանտ Դինքի գործում առկա է երկու խնդիր. առաջին խնդիրը վերաբերում է կյանքի իրավունքի, իսկ երկրորդը` խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը: Այն, որ պետությունը պետք է կատարի ինչպես կյանքի իրավունքի, այնպես էլ խոսքի ազատությանը վերաբերող իր պատականությունները, չի կարող լինել քննարկման առարկա»:

Եվրոպական դատարանում երկրի շահերը պաշտպանելու ժամանակ Թուրքիայի պաշտոնյաները վիճահարույց զուգահեռներ էին անցկացրել Հրանտ Դինքի հայացքների և նեոֆաշիզմի միջև: Կառավարությունն այժմ ջանում է կարգավորել այս հայտարարությունների հետևանքները: Այս շաբաթվա սկզբին տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի արդարադատության, ներքին և արտաքին գործերի նախարարների միջև, որի ընթացքում քննարկվել են անհրաժեշտ քայլերը: Չորեքշաբթի օրը Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինն ասել է, որ պետությունը թերացել է Հրանտ Դինքի պաշտպանությունն ապահովելու գործում: «Մենք նախատեսում ենք հասնել բարյացակամ կարգավորման», - ասել է նա:

«Բարյացակամ կարգավորման» պայմանների համաձայն, պետությունը պետք է ընդունի, որ ինքը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքի և խոսքի ազատության սկզբունքները, և փոխհատուցում վճարի տուժածի ընտանիքին: Եվրոպական դատարանում Թուրքիան նախկինում ներկայացնող դատավոր Ռիզա Թուրմենը երկուշաբթի օրը հայտնել է «Հուրիեթ» օրաթերթին, որ գործը դատարանի օրակարգից հեռացնելու համար դրա ցանկացած կարգավորում պետք է համապատասխանի նաև Եվրոպական դատարանի պահանջներին:

Նախատեսվում է, որ Եվրոպական դատարանը Հրանտ Դինքի գործով որոշում կկայացնի սեպտեմբեր ամսին: Գործի շուրջ ցանկացած կարգավորման հասնելու դեպքում Թուրքիան պետք է տեղեկացնի Եվրոպական դատարանին` մինչև այդ գործով որոշում կայացնելը:

Հրանտ Դինքի ընտանիքը բացառել է պետության հետ որևէ կարգավորման հասնելու տարբերակը, քանի դեռ Թուրքիայի քրեական օրենսգրքում գործում է 301 հոդվածը: Նախարար Դավիթօղլուն ասել է, որ Թուրքիային անհրաժեշտ է քայլեր կատարել խոսքի ազատության իրավունքի ավելի լայն կիրառումն ապահովելու ուղղությամբ, սակայն դեռևս պարզ չէ, արդյոք պետությունը պատրաստ է դիմել այդպիսի քայլերին:

Մեկնաբանելով նեոֆաշիզմի մասին կատարված վիճահարույց հղումները, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ «պաշտպանության նյութերը նախապատրաստվում են տեխնիկական մակարդակի վրա, և դրա համար որևէ նախարարի անհրաժեշտ չէ ստորագրել դրանք»: Նա ավելացրել է, որ հայտարարությունները եղել են «մեր ներկա չափանիշների համատեքստին չհամապատասխանող պաշտպանության եղանակ»:

Սակայն նախարար Դավութօղլուն ավելացրել է. «Արդյո՞ք պաշտպանության այդ նյութերը նախապատրաստողները վատ են վարվել: Ոչ, նրանք պաշտպանում էին պետական գործելակերպը: Դա չի վերաբերում գործադիր իշխանությանը, սակայն պետք է հաշվի առնել, որ դատական իշխանությունը նույնպես պետական մարմին է»:

XS
SM
MD
LG