Մատչելի հղումներ

Եգիպտոսում մեկնարկում են խորհրդարանական ընտրությունները


Եգիպտոսում մեկնարկում են խորհրդարանական ընտրությունները
Եգիպտոսում մեկնարկում են խորհրդարանական ընտրությունները

Եգիպտոսում երկուշաբթի օրը մեկնարկում են երկրի խորհրդարանի ստորին պալատի փուլային ընտրությունները, որոնց անցկացումը կավարտվի գալիք տարվա հունվարին:

Խորհրդարանի վերին պալատի ընտրությունները կմեկնարկեն հաջորդ տարվա մարտին, որից հետո նորընտիր խորհրդարանը կկազմի երկրի նոր սահմանադրությունը:

Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները մտահոգություններ են առաջացնում, քանի որ երկրում տեղի ունեցող խռովությունները շարունակում են թափ առնել: Որպես երկրի ռազմական իշխանությունների դեմ հանդես եկող ցուցարարների հետ համերաշխության նշան, խորհրդարանական ընտրությունների մասնակիցներից շատերը հանել են իրենց թեկնածությունները:

Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհրդի նախագահ ֆելդմարշալ Հուսեյն Թանթավին կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ երկիրը «կանգնած է խաչմերուկում», և քաղաքացիներն ունեն «դեպի ապահով Եգիպտոս տանող՝ հաջողությամբ ավարտվող ընտրություններին մասնակցելու կամ վտանգավոր խոչընդոտների դեմ կանգնելու ընտրություն»: Թանթավին նշել է, որ իրադարձությունների զարգացման վերջին տարբերակը «զինված ուժերը չեն հանդուրժի»՝ զգուշացնելով, որ եթե երկրում ներկայում տեղի ունեցող քաղաքական խռովությունները չավարտվեն արագ, ապա դա կարող է ունենալ «չափազանց ծանր հետևանքներ»:

Կահիրեի Թահրիր հրապարակում կիրակի օրը շարունակվել են հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները պահանջել են երկրի զինված ուժերից անմիջապես փոխանցել իշխանությունն ազգային փրկության կառավարությանը, որը, ըստ բողոքի ցույցերի մասնակիցների, պետք է կառավարի երկրում մինչև նախագահական ընտրությունները:

Եգիպտոսում ցույցերը կազմակերպող երիտասարդական հեղափոխական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել առաջարկությամբ, ըստ որի Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ ԷլԶԲարադեյը պետք է գլխավորի քաղաքական ժամանակավոր կառավարությունը, իսկ որպես իր տեղակալներ պետք է նշանակվեն երկրի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ: Այս մարմինը, ըստ ընդդիմադիրների, պետք է փոխարինի Եգիպտոսում իշխող ռազմական խորհրդին:

Մոհամեդ ԷլԲարադեյը սակայն շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հրաժարվելու է նման կառավարություն գլխավորելու ցանկացած առաջարկությունից:

Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը շաբաթ օրը բանակցություններ է անցկացրել ԷլԲարադեյի և երկրի նախագահի պաշտոնի մեկ այլ հնարավոր թեկնածու՝ Արաբական պետությունների լիգայի նախկին նախագահ Ամր Մուսայի հետ: Բանակցությունների ավարտից հետո ԷլԲարադեյն ու Մուսան ասել են միայն, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ճանապարհները:

XS
SM
MD
LG