Մատչելի հղումներ

Եգիպտոսում հնչում են նոր ցույցեր սկսելու կոչեր



Եգիպտոսում սկսված բողոքի նոր ալիքի կազմակերպիչները կոչ են անում խորհրդարանական ընտրությունների նախօրեին սկսել համատարած բողոքի ցույցեր։
Հեղափոխական երիտասարդական մի քանի խմբավորումներ պահանջում են կազմել քաղաքացիական ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի ընդդիմության ղեկավարներից Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Մոհամեդ ԷլԲարադեյը։
Ըստ այս ծրագրի, քաղաքացիական այս մարմինը պիտի փոխարինի ներկայումս կառավարող ռազմական խորհրդին, որին ցուցարարները մեղադրում են քաղաքացիական հարցերում որոշումներ կայացնելու ավելի մեծ լծակներ ձեռք բերելու փորձերի մեջ։

ԷլԲարադեյն ասել է, թե ինքը կհրաժարվի Եգիպտոսի նախագահի ընտրություններում իր թեկնածությունը դնելու իրավունքից, եթե պաշտոնապես իրեն խնդրեն ղեկավարել այդ խորհուրդը։

Երկրի Զինված ուժերի գերագույն խորհուրդը ԷլԲարադեյի եւ նախագահի մյուս թեկնածու՝ Արաբական լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսայի հետ շաբաթ օրն անցկացրեց բանակցություններ։

Հանդիպման ընթացքում Կահիրեի Թահրիր հրապարակում 1Օ հազար ցուցարար շարունակում էր բողոքի ցույցն ընդդեմ երկրի ռազմական ժամանակավոր կառավարության եւ վարչապետի պաշտոնում Քամալ էլԳանզուրիի նշանակման դեմ՝ այն համարելով նախկին վարչակարգի երկարաձգում։

Անվտանգության ուժերը նորից արցունքաբեր գազ են կիրառել ընդդեմ ցուցարարների, որից հետո Եվրոպական Միության արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընը դատապարտել է բռնությունները ու հորդորել այստեղ հաստատել կարգ ու կանոն։

XS
SM
MD
LG