Մատչելի հղումներ

Դել Պոնտե. «Կոսովոյում մարդու օրգանների վաճառքի դեպքերը պետք է հետաքննի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»


Նախկին Հարավսլավիայի գործով Հաագայի դատարանի նախկին մեղադրող Կարլա դել Պոնտե

Նախկին Հարավսլավիայի գործով Հաագայի դատարանի նախկին մեղադրող Կարլա դել Պոնտեի համաձայն, Կոսովոյում մարդու օրգանների վաճառքի դեպքերի անկախ հետաքննությունը պետք է անցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Դել Պոնտեն, որն առաջին անգամ հանդես է եկել նման մեղադրանքներով 2008 թվականին հրապարակված իր գրքում, Սերբիայի օրաթերթերից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Կոսովոյում ԵՄ-ի խաղաղապահ առաքելությունն ունակ չէ նման հետաքննություն անցկացնել։

Նրա համաձայն, ԵՄ-ի խաղաղապահներն իրավունք չունեն գործել Կոսովոյի սահմաններից դուրս՝ հավելելով, որ առաքելությունը վկաներին պաշտպանություն տրամադրելու հնարավորություն չունի։

Դել Պոնտեն մեղադրել է էթնիկ ալբանացիներից կազմված «Կոսովոյի ազատագրական բանակին» 1990-ական թվականների վերջին Կոսովոյում պատերազմի ժամանակ ազգությամբ սերբ ռազմագերիների օրգանները վաճառելու մեջ։

Եվրոպայի խորհրդի կողմից կատարված հետաքննության արդյունքում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին մեղադրվել է այս հանցագործությունները կատարելու հետ կապ ունենալու մեջ։

Կոսովոյի և Ալբանիայի պաշտոնատար անձինք հերքում են մեղադրանքները՝ դրանք «սերբական քարոզչություն» անվանելով դրանք։

XS
SM
MD
LG