Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Բաղդադի բանտում խռովության պատճառով


Բազմաթիվ զոհեր՝ Բաղդադի բանտում խռովության պատճառով

Իրաքի ներքին գործերի նախարարության բանտային համալիրում տեղի ունեցած խռովության պատճառով զոհվել է առնվազն 17 մարդ, որոնց թվում է արևելյան Բաղդադում ահաբեկչության դեմ պայքարի գծով ղեկավարը։

Բանտային համալիրում կիրակի օրը տեղի ունեցած խռովության պատճառով սպանվել է նաև «ալ-Քաիդա»-ի անդամ Հութայֆա ալ-Բաթավին: Նա էր ծրագրել անցյալ տարվա հոկտեմբերին Իրաքում քրիստոնեական եկեղեցու վրա կատարված հարձակումը։

Իրաքի անվտանգության ուժերի համաձայն, կալանավորներից մեկը, ենթադրաբար ալ-Բաթավին, խլել է բանտի պահակներից մեկի զենքը և սպանել նրան, ապա պատանդներ վերցնելով` ազատ արձակել «ալ-Քաիդա»-ի անդամ մի քանի այլ կալանավորի։

Այնուհետև նրանք մուտք են գործել Բաղդադում ահաբեկչության դեմ պայքարի գծով ղեկավարի գրասենյակ և սպանել նրան։

Բանտում տեղի ունեցած բռնությունների պատճառով սպանվել է առնվազն տասը բանտարկյալ և զոհվել բանտի վեց պահակ։

Փախուստի փորձ կատարած բանտարկյալներին սպանելուց հետո, պահակային ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը բանտում:

XS
SM
MD
LG