Մատչելի հղումներ

Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել է համատեղ հռչակագիր


Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել է համատեղ հռչակագիր
Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել է համատեղ հռչակագիր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նշել է, որ համատեղ ակտիվ աշխատանքով 2011 թվականը կարելի է դարձնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր որակ հաղորդելու ժամանակաշրջան:

Նախագահի հետ հանդիպումից հետո Շտեֆան Ֆյուլեն և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համատեղ հռչակագիր, որով կողմերը ողջունում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը և շեշտում Հայաստանի Հանրապետության հետագա քայլերի կարևորությունը` ուղղված խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ երկկողմ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

Փաստաթղթով Հայաստանի կառավարությունը և Եվրահանձնաժողովը նաև ստանձնում են հանձնառություն` ավելի ակտիվորեն հետամուտ լինել Եվրոպական հարևանության քաղաքական ուղենիշներին:

Շտեֆան Ֆյուլեի և Էդվարդ Նալբանդյանի միջև հանդիպմանը հաջորդել է մամուլի ասուլիս, որի ընթացքում հանձնակատար Ֆյուլեն նշել է, թե իրեն «շատ են մտահոգում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի միջոցով լուծելու մասին արվող հայտարարությունները»` հավելելով, որ «բոլոր կողմերը պետք է հստակ հասկանան, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակն անընդունելի է»:

Իր կողմից արտգործնախարար Նալբանդյանը շեշտել է, որ սպանությունները, սադրանքները շփման գծում որևէ ձևով չեն նպաստում բանակցային գործընթացին` նշելով, որ շփման գծում այդ կարգի սադրանքների, պատահարների հետաքննություն անցկացնելու համապատասխան մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Սոչիում ընդունված որոշման կարևորությունը:

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի մասին հարցին` Նալբանդյանը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի կողմից վերջերս տրված հարցազրույցում ուղղակի և անուղղակի ձևով նորից հնչեցվել են արձանագրությունների վավերացման համար նախապայմաններ:

«Դրանով իսկ Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել իր ստանձնած պարտավորությունները, այլ նաև հակադրվում է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը համահունչ է արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու և իրականացնելու Հայաստանի տեսակետին» - ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

XS
SM
MD
LG