Մատչելի հղումներ

Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանականի հետ


Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանականի հետ
Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանականի հետ

«Եթե նախկինում 20-րդ դարասկզբի իրադարձությունները հերքվել են, ապա այժմ մենք չենք հերքում, որ Թուրքիայում հայերի հետ աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել»: Այս մասին Վաշինգտոնում նոյեմբերի 29-ին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Այժմ, նշեց Դավութօղլուն, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման տեսանկյունից ևս մեկ քայլ առաջ է գնացել` արձանագրություններ ստորագրելով: «Ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէր խոսվում հայկական հարցի մասին, այժմ մեր հասարակությունն ազատորեն քննարկում է այն»:

Դավութօղլուի խոսքերով, թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջև խնդիրներ են առաջացել: Թուրքիայի արտգործնախարարը ցեղասպանության պատճառը տեսնում է Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվացմամբ:

Իրադարձություններից ընդամենը մեկ տարի առաջ, այսինքն` 1914-ին, Դավութօղլուի խոսքերով, Թուրքիայում հայ նախարարներ կային, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում Թուրքիան ներկայացվում էր ազգությամբ հայ դեսպանների կողմից, իսկ օսմանյան աղբյուրներում հայերը հիշատակվում էին որպես «ամենահավատարիմ հպատակներ»:

«1915-ը կարևոր տարեթիվ է հայերի համար», ասաց Դավութօղլուն, «սակայն պետք է հիշել», – նշեց նա, «որ այդ նույն տարվա ընթացքում շուրջ 250 000 թուրք է զոհվել ռազմաճակատներից միայն մեկում, որոնց թվում էր նաև պապս»:

Դավութօղլուն ասաց, թե չի ուզում արդարացնել որևէ սխալ: «Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Պետք է հիշել, որ խոսում ենք պատմական մի ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում»:

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե արդյոք Թուրքիայում հաջորդ տարի սպասվող ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թե այլ պատճառներ կան հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացնելու համար, Դավութօղլուն պատասխանեց, թե «ցավոք սրտի Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով բացառեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ինչը կարևոր էր Թուրքիայի համար»:

Թուրքիայի արտգործնախարարը նշեց, որ իր երկրի տեսանկյունից հայ-թուրքական արձանագրությունների նպատակներն են. բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, հասնել հարաբերությունների նորմալացման հայ և թուրք ժողովուրդների միջև ամբողջ աշխարհում, կայունություն հաստատել կովկասյան տարածաշրջանում:

Վերջին ուղղությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ահմեթ Դավութօղլուն կրկին հայտարարեց, թե համաձայնագրերի շուրջ փոփոխություն չի լինի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Այսինքն, եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն առանց հայ-ադրբեջանական համաձայնության, ապա իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը», – ասաց Թուրքիայի արտգործնախարարը:




XS
SM
MD
LG