Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վերսկսել է հետախուզական տվյալներ և ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային


ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային
ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային

Լեհաստանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հաստատել էր, որ ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային Լեհաստանի տարածքով վերսկսվել է

Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը և հետախուզական տեղեկատվության փոխանակումը։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հաստատել է, որ Ուկրաինայի հետ նախկինում կասեցված հետախուզական տեղեկատվության փոխանակումը վերսկսվել է։

«Մենք մեկ էական քայլ ավելի մոտ ենք Ուկրաինայում արյունալի պատերազմի ավարտին։ [Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի] հրահանգով Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարն ավարտվել է»,- գրել է Գաբարդը X սոցիալական ցանցում։

Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների միջև Սաուդյան Արաբիայում հանդիպումից հետո Միացյալ Նահանգները հանեց հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսեց Ուկրաինային անվտանգության ապահովման աջակցությունը:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին չորեքշաբթի օրը հաստատել է, որ Լեհաստանի տարածքով Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումները վերսկսվել են նախկին մակարդակով։

«Ես հաստատում եմ, որ զենքի մատակարարումները Յասենկայով (լոգիստիկ հանգույց) վերադարձել են իրենց նախկին մակարդակներին», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Սիկորսկին։

Անցյալ շաբաթ Վաշինգտոնը դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային։ Այնուամենայնիվ, երեքշաբթի Ջիդայում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինան համաձայնել է Մոսկվայի հետ 30-օրյա հրադադարի և Ռուսաստանի հետ անհապաղ բանակցությունների մասին ամերիկյան առաջարկին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ 30-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի հանդիպման ժամանակ, անմիջապես ուժի մեջ կմտնի, եթե Ռուսաստանն ընդունի այն։

Նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի կրակի դադարեցման ծրագրին, որը մշակվել է ամերիկացի և ուկրաինացի բանակցողների կողմից։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Ուկրաինային զենքի հիմնական մատակարարներն են։

Լեհաստանը Ուկրաինայի երկարամյա դաշնակիցն է և հանդես է եկել երկրին ռազմական օգնության մեծացման օգտին. Ուկրաինան 2022 թվականից ի վեր պայքարում է ռուսական լայնածավալ ներխուժման դեմ:

Վարշավայի տվյալներով՝ Կիևին տրամադրվող ռազմական օգնության մինչև 95%-ն անցնում է Լեհաստանով, մասնավորապես Յասենկա հանգույցով, որը գտնվում է նրա արևելյան սահմանի մոտ։

XS
SM
MD
LG