Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները երեքշաբթի բանակցությունների մեջ էին Սաուդյան Արաբիայում՝ փորձելով գտնել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիներ։ Հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական ուժերի կողմից Մոսկվային հասցված՝ անօդաչուների ամենից մասշտաբային հարվածից ժամեր անց:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Ջիդդայում կայացած հանդիպումը կվերականգնի Միացյալ Նահանգների հետ «պրագմատիկ» կապերը՝ անցած ամիս Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած թեժ քննարկումից հետո։ Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի հետ նախնական զինադադար կնքել օդում և ծովում։
«Հանդիպումը սկսվեց շատ կառուցողական»,- Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը։
Այսպիսով, Ուկրաինան երեկ երեկոյան մասշատաբային հարված է հասցրել Մոսկվային՝ օգտագործելով առնվազն 90 անօդաչուներ՝ հայտնել են ռուսաստանցի պաշտոնյաները։ Առնվազն երեք մարդ զոհվել է։ Քաղաքում այրվել են շենքեր։ Օդանավակայանները փակվել են։
Գրոհը, որի ժամանակ, ըստ ռուսական իշխանությունների, 337 անօդաչու է խոցվել Ռուսաստանի տարածքում, նպատակ ուներ ցույց տալու, որ Կիևը կարող է լուրջ հարվածներ հասցնել:
Ինչևէ, Զելենսկին կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին աջակցել օդային և ծովային հրադադարի հաստատման գաղափարին, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա պարզել Մոսկվայի պատրաստակամությունը զինադադարի հաստատման գործում։
Բանակցություններից առաջ Երմակը լրագրողներին ասել է, թե անվտանգության երաշխիքները մնում են առանցքային Ուկրաինայի համար, սակայն կողմերն առայժմ կարող են քննարկել հարցը միայն նախնական տարբերակով:
«Ամենակարևորն այն է, թե ինչպես սկսել այս գործընթացը»,- ասել է նա։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի լրագրողներին փոխանցել է, որ Կիևի հետ բանակցությունները կարևոր են՝ տեսնելու, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է զիջումների գնալ հանուն խաղաղության:
«Պետք է հասկանանք ուկրաինական դիրքորոշումը և ընդհանուր պատկերացում կազմենք, թե ինչ զիջումների են նրանք պատրաստ, քանի որ հրադադարի և այս պատերազմի ավարտի ոչ մի ճանապարհ չկա, քանի դեռ երկու կողմերն էլ զիջումների չգնան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Այդուհանդերձ, Ռուբիոն հրաժարվել է հստակեցնել, թե կողմերից յուրաքանչյուրը ինչ զիջումների պետք է գնա, սակայն նշել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի վերադարձնել իր ողջ կորսված տարածքը:
Բանակցությունների ժամանակ պետքարտուղարի կողքին էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Զելենսկին, ով երկուշաբթի Սաուդյան Արաբիայում էր՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպելու համար, չի մասնակցում բանակցություններին։
Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը, ով նույնպես ներգրավված է Ուկրաինայի շուրջ բանակցություններում, իր հերթին ասել է, թե հույս ունի, որ ամերիկա-ուկրաինական համաձայնագիրը օգտակար հանածոների վերաբերյալ շուտով կստորագրվի:
Հիշեցնենք՝ ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաները հանդիպել էին անցած ամիս Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։ Քննարկումները հիմնականում կենտրոնացած էին երկկողմ հարաբերությունների վերականգնման վրա. Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ամերիկա-ռուսական պաշտոնական շփումները գրեթե ամբողջովին սառեցվել էին: