Ի պատասխան՝ Չինաստանի ղեկավարությունը նշում է, թե հավատարիմ է խաղաղությանը և հարգում է այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Սակայն Պեկինը երբեք չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչպես արել է ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը։ Ակնհայտ է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական, տնտեսական ու դիվանագիտական գործընկերությունը լրջորեն օգնել է Կրեմլին հաղթահարել իր միջազգային մեկուսացումը:
ԱՄՆ-ում արդեն տևական ժամանակ է խոսում են, թե որպես գլխավոր գործընկեր Ռուսաստանը Չինաստանին է ընտրել։
Դեռևս 2012 թվականին Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Դանա Ռոհրաբահերը հայտարարեեց. «Այս պահին Ռուսաստանի կուրսը կարծես համընկնում է Չինաստանի հետ. բայց ԱՄՆ-ը պետք է աշխատի փոխել դա, և դա կարող է հիմնված լինել Ռուսաստանի հետ ընդհանուր անվտանգության շահերի վրա թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Ասիայում ընդհանուր առմամբ…։ ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին քաշի դեպի Արևմուտք, այլ ոչ թե մղի նրան Չինաստանի գիրկը»:
Այժմ Վաշինգտոնի ակներև ցանկությունն է ազդել ռուս-չինական «առանց սահմանների» գործընկերության վրա:
Վաշինգտոնում փորձագետները համակարծիք են՝ Չինաստան-Ռուսաստան գործընկերությունը վտանգ է ներկայացնում ԱՄՆ շահերին: Բայց եթե Բայդենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները փորձեց երկխոսություն հաստատել Չինաստանի հետ, այժմ Թրամփի թիմի առաջնահերթությունը կարող է լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը։
Վերջերս ԱՄՆ նախագահը կրկնապատկեց Չինաստանից ներմուծված ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ այն հասցնելով մոտ 20%-ի, և հայտարարեց, թե ուկրաինական հակամարտության հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները «շատ լավ» են ընթանում։ Իր հերթին՝ Պուտինը սկսեց խոսել հազվագյուտ հանքերի շահագործման, Արկտիկայի զարգացման ուղղությամբ ԱՄՆ հետ հնարավոր համատեղ նախագծերի մասին։
Որոշ դիտորդներ Թրամփի քաղաքականության նպատակ են տեսնում Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերի թուլացումը, և այդ առումով ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների վերականգնումը կարող է նպաստել նշվածի իրականացմանը:
Շուկայական ռիսկերի փորձագետ Չարլզ Հեքերը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե ամերիկյան ընկերություններից շատերը կցանկանան վերադառնալ Ռուսաստան.
«Կան ընկերություններ, որոնք հակված են գործել բարձր ռիսկային շուկաներում: Նման ընկերությունների համար Ռուսաստան վերադառնալու հիմնական խոչընդոտը, ակնհայտորեն, միայն պատժամիջոցներն են։Կան նաև զգալի թվով այլ ընկերություններ, որոնք հաշվի են առնում շատ այլ գործոններ, ուստի նրանց վերադարձը Ռուսաստան ավելի դանդաղ տեղի կունենա»:
Ընկերությունները, որոնք հակված են ռիսկի դիմել, գործում են էներգակիրների ու հանքանյութերի արդյունահանման բիզնեսներում՝ ասում է Հեքերը։
«Արևմտյան ընկերություններին Ռուսաստան վերադառնալու թույլտվությունը չի նշանակի Արևմուտքի նկատմամբ Պուտինի թշնամանական քաղաքականության նվազում։ Պուտինին դուր չի գալիս Արևմուտքի առաջնորդությունը համաշխարհային քաղաքական-տնտեսական համակարգում, և նա բազմիցս ասել է, որ ցանկանում է այս համակարգին այլընտրանքային քաղաքական-տնտեսական միջավայր ստեղծել, և այդ գործում կարևոր դեր ունի Չինաստանը»,- ասում է մեր զրուցակիցը։
«Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդները ամենևին էլ գոհ չեն Մոսկվայի ու Պեկինի դաշինքից»
Մոսկվայի հետ տնտեսական կապերի վերականգնումից զատ, Վաշինգտոնն այլ կերպ ինչպե՞ս կարող է ազդել Մոսկվա-Պեկին առանցքի վրա։ Filter Labs հետազոտական կազմակերպության վերլուծաբանները հրապարակեցին մի զեկույց՝ տեղեկատվական միջավայրում գործողությունների վերաբերյալ առաջարկություններով:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մեդիա վերլուծաբան Վասիլի Գատովը «Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ առօրյա մակարդակում չինացիների և ռուսների միջև փոխադարձ անվստահությունը բավականին խորն է. «Չինաստանը Ռուսաստանին չի ընկալում որպես վստահելի, անվտանգ և իրավահավասար գործընկեր։ Ռուսաստանը Չինաստանից գրավեց Ամուրի մարզը. Ռուսաստանը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Չինաստանի նկատմամբ որդեգրել էր գաղութատիրական քաղաքականություն։ Ուստի, պատմական լարվածությունը որպես խոցելիություն դիտարկելը լիովին հնարավոր է»։
Գատովը նաև ուշադրություն է հրավիրչում՝ այսօր Չինաստանի տնտեսական ներկայությունը Ռուսաստանում էապես զիջում է եվրոպական ու ամերիկյան ներգրավածությանը, որն առկա էր մինչև ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկը՝ 2022 թվականի փետրվար, թեև Կրեմլում հույս ունեին, որ հեռացած արևմտիան ընկերությունների տեղը կզբաղեցնեն չինականները։
«Մենք վերլուծել ենք այն, ինչ ասվել է ռուսաստանյան ֆորումներում, ավելի քիչ՝ Odnoklassniki-ում և VKontakte-ում, իսկ Չինաստանում՝ WeChat-ում, Weibo-ում և չինական այլ սոցիալական ցանցերում՝ նախորդ երեք տարիներին երկու երկրների հարաբերությունների մասին։ Մենք քիչ թե շատ վստահ ենք այս տվյալների վրա. դա արտացոլում է այն փաստը, որ չինացի և ռուսաստանցի բնակչությունը ամենևին էլ գոհ չէ իրենց իշխանությունների այս դաշինքից»,- ասում է Վասիլի Գատովը։
«Սոցցանցերում գրողները չեն ազդում պետական քաղաքականության վրա»
Բայց որքանո՞վ են համացանցում առկա մտքերը, կարծիքները, իրականում, արտահայտում ռուսաստանյան ու չինական հասարակությունների տրամադրությունները, որոնք էլ իրենց հերթին ազդում են Մոսկվայի և Պեկինի փոխգործակցության վրա։
Կարնեգի կենտրոնի Բեռլինի գրասենյակի ղեկավար և Չինաստանի գծով մասնագետ Ալեքսանդր Գաբուևը գտնում է, որ այդ ազդեցությունը նվազագույն է. «Մարդիկ, ովքեր ժամանակ և ցանկություն ունեն սոցիալական ցանցերում ինչ-որ բան մեկնաբանել, մեծ ազդեցություն չունեն պետական քաղաքականության վրա»:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Գաբուևն ասում է, որ արևմտյան սպառազինությանը հակազդելու Ռուսաստանի փորձը անչափ արժեքավոր է Չինաստանի համար, և Պեկինը պետք է որ շնորհակալ լինի Մոսկվային նման փորձն օգտագործելու հնարավորության համար.
«Եթե դիտարկեք HIMARS համակարգերի կատարողականը մարտի դաշտում նախորդ երեք տարիների ընթացքում, կտեսնեք, որ դրանք դարձել են սակավ արդյունավետ: Եվ դրանք պակաս արդյունավետ դարձան ոչ թե այն պատճառով, որ այլևս վատ են գործում, այլ այն պատճառով, որ ռուսները հակաքայլեր են կատարել»:
Գաբուևի խոսքով՝ ԱՄՆ փորձերը մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունները և դրանով իսկ թուլացնել Կրեմլի կապերը Չինաստանի հետ, Եվրոպայում չափազանց բացասաբար կընկալվի և արդեն իսկ ընկալվում է. «Այն, որ Թրամփը փորձում է մերձենալ Ռուսաստանին, պոկել Ռուսաստանը Չինաստանից, գուցե Ուկրաինան հանձնելու գնով, սա հենց կարմիր գիծն է և ամենամեծ մարտահրավերը եվրոպացիների համար, որին նրանք կպատասխանեն՝ վարելով իրենց քաղաքականությունը։ Շատ բան կախված է նրանից, թե Թրամփը ինչպես կփորձի լուծել ուկրաինական ճգնաժամը Պուտինի հետ։ Մենք կտեսնենք, թե որչափ եվրոպացիներն, իրոք, պատրաստ կլինեն ուժեղացնել իրենց պաշտպանունակությունը առանց ԱՄՆ-ի»։